996 դիտում
14:52 18-11-2019
Ստորագրվել է մտավոր սեփականության բնագավառում փոխըմբռնման հուշագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Երևանում նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը:
Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից: Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:
Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։ Հուշագրով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերն ավելի խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով:
Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը:
Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել են էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով: Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու, իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում:
Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոի հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները:
Նմանատիպ նյութեր
732 դիտում
11:34 08-04-2015
Հայաաստանի և Ավստրիայի միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
1021 դիտում
18:34 27-02-2014
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
1597 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ