211652_close_icon

Ես կհամարեմ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եթե Հայաստանն ազատենք ժանգոտ մեքենաների կուզովներից․ Փաշինյան

views-count2680 դիտում article-date 14:51 14-11-2019
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացման խնդրին, այն ըստ էության, գնահատելով որպես Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիք: «Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում կընդլայնվի: Գիտեք՝ առաջիկայում «Ryanair»-ը չվերթներ է սկսելու Գյումրի: Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին»,- ասաց վարչապետը: Վարչապետը հիշեցրեց՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները: Սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,- ասաց վարչապետը: Փաշինյանը մի դեպք հիշեց Վանաձոր կատարած այցից: Նա պատմեց, որ նորակառույց տան բակում տեսել են 1970-ականների արտադրության «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարի մնացորդներ՝ ռաման և կաբինկան: «Ես տանտիրոջը հարցրի, թե ինչու է նորակառույց տան բակում էդպիսի մեքենան կանգնած: Ինձ հետաքրքիր պատասխան տվեց. Ասում է՝ իմ ջահել ժամանակվա մեքենան է, դրա հետ կապված հուշեր ունեմ: Ես կհամարեմ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եթե Հայաստանն ազատենք ժանգոտ բուդկաներից, ժանգոտ մեքենաների կուզովներից ու ռամաներից: Սա շատ կարեւոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է կանխորոշում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքն էլ այնպիսի մեքենա է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել:

Նմանատիպ նյութեր