2210 դիտում
16:02 09-11-2019
Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը մասնակցել է ռումինական փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Թակարդ Ստալինի համար» (պիեսի հեղինակ Լաշա Բուղաձե) ներկայացմամբ մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նոյեմբերի 1-10 անցկացվող «Ստուդիան եւ նոր ձեւերը» խորագրով միջազգային թատերական փառատոնին:
Այն անցկացվում է Պիտեշտի Ալեքսանդրու Դավիլայի անվան ազգային թատրոնում: Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը արժանացել է հանդիսատեսի հավանությանն ու ծափերին: Ներկայացման ընթացքին հետեւել է նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ ընտանիքի հետ: Վերջինս ներկայացումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս.թ. նոյեմբերի 4-ին Ռումինիայի Պիտեշտ քաղաքի թատրոնում հաճույք ունեցա դիտելու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տաղանդավոր դերասանների մասնակցությամբ եւ գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ՝ վրաց հեղինակ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումը»:
Հ. Պարոնյանի անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ռումինական թատրոնի հետ համագործակցության սկիզբը երկու տարի առաջ է դրվել. «2 տարի առաջ ինձ հրավիրեցին Կրայովա քաղաքի ազգային թատրոն, որպեսզի բեմադրեմ Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը:
Պիտեշտ քաղաքի ազգային թատրոնի ներկայիս տնօրենը՝ Նիկոլա Պողիրչը, որպես դերասան աշխատում է նաև Կրայովայի թատրոնում: Առհասարակ, Եվրոպայում, հատկապես արեւելյան Եվրոպայում թատրոնները շատ ինտեգրված են, մի թատրոնի դերասանը կարող է երեք թատրոնում դերեր խաղալ: Մեր ընդհանուր ընկերոջ՝ Ալեքսանդր Գրեկույի միջոցով, Նիկոլայ Պողիրչը խնդրել էր ինձ հետ կապ հաստատել համագործակցության նախագծեր քննարկելու համար: Նրանք այդ կապակցությամբ սեպտեմբերին երեք օրով եկան Երեւան և քննարկումների արդյունքում առաջարկեցին իրենց փառատոնի շրջանակներում ներկայացնել «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը»:
Հ.Ղազանչյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, արդեն քննարկվում է այնտեղ բեմադրություն անելու առաջարկը: Իսկ տպավորությունների մասին խոսելիս՝ ռեժիսորն ասաց. «Մեզ համար շատ հաճելի էր իմանալ, որ Ռումինիան այն եզակի երկրներից է, որն իր ծախսերով պահում է հայկական եկեղեցին՝ մեր եկեղեցու ծառայողները աշխատավարձ են ստանում պետության կողմից: Հայերի նկատմամբ բավականին լավ վերաբերմունք կա այնտեղ, ամեն ինչ պետք է անենք, որ համագործակցությունը շարունակվի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
22:22 20-09-2019
Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1237 դիտում
16:16 01-06-2022
Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի դիմաքանդակներով հուշատախտակ կտեղադրվի Պարոնյան թատրոնի պատին
12855 դիտում
08:48 25-11-2017
Աննախադեպ հռչակագիրը` թակարդ Ալիևի համար. Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից. «168 ժամ»