211652_close_icon
views-count2760 դիտում article-date 22:59 08-11-2019

Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ

Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թումանյանի թանգարանը հրատարակել է Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրությամբ գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: «[url=https://armenpress.am/arm/news/994611.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` արևմտահայերենի փոխադրումն իրականացրել է Լևոն Շանթը Կ.Պոլսի հայ մանուկներին Թումանյանի աշխարհն էլ ավելի ճանաչելի ու հասկանալի դարձնելու նպատակով: «Ժամանակին Հովհաննես Թումանյանին ու Լևոն Շանթին հրավիրել են կազմել տարրական դասարանների համար նախատեսված «Լուսաբեր» դասագիրքը: Սկզբում այն հրատարակվել է արևելահայության համար, բայց այնքան հաջողված էր, որ Լևոն Շանթը դասագիրքը փոխադրեց արևմտահայերեն: Մեր թանգարանում դասագրքի տարբեր հրատարակություններ են պահվում. այն բավականին երկար կյանք է ունեցել: Այս գրքի հիմքում այն բոլոր դասագրքերն են, որոնք հրատարակվել են մինչև Թումանյանի մահը»,-պատմեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Գիրքը, որում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, բալլադներն ու լեգենդները, պատմվածքները, նկարազարդել են արտասահմանում ապրող հայ մանուկները, նրանց աջակցել են Հայաստանում ապրող երեխաները: Հրատարակման համար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արմինե Կարապետյանը: Թանգարանը նրան նվիրեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը: Արմինե Կարապետյանն ասաց, որ ծնվել է Իրանում` հայրենասեր ու կրթված ընտանիքում: «Հայրս գրող էր, իսկ մայրս` ուսուցչուհի: Թումանյանը մեր ամենասիրելի հեղինակներից է, և մենք մեծացել ենք նրա հեքիաթներով»,-նշեց նա: Գիրքը կազմել է Անի Եղիազարյանը, խմբագրել է Նարինե Խաչատրյանը, սրբագրել` Քնարիկ Աբրահամյանը, ձևավորումն իրականացրել է Մանե Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր