2214 դիտում
20:28 07-11-2019
Ազատությունից զրկելու առաջին պահից պետք է կիրառվեն բոլոր երաշխիքները` անկախ վարույթի տեսակից. բարձրաստիճան քննարկումներ Ստրասբուրգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին:
Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին:
«Ազատությունից զրկելը գործի է դրվում այն պահից, երբ մարդը ստիպված է լինում հետևել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմնի ներկայացուցչի կամքին կամ զրկվում է իր կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, փողոցից սկսած՝ անկախ վարույթի տեսակից (քրեական, կարգապահական, վարչական կամ այլ): Բոլոր տարանջատումներն արհեստական են (բերման ենթարկել, բերել, հրավիրել, ձերբակալել և այլն)։
Նման վիճակում հայտնված մարդու համար հավասարապես կիրառելի են բոլոր երաշխիքները՝ ազատությունից զրկելու պատճառների տեղեկանալու, փաստաբանի, բժշկի իրավունք և այլն»,- նշել է Արման Թաթոյանը։