211652_close_icon
views-count3551 դիտում article-date 14:57 07-11-2019

Մանկատան 300 շրջանավարտներ բնակարանի գնման վկայագրեր կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ: Բացի այդ, որոշման համաձայն՝ ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում։ Այս խմբի համար առավել նպատակահարմար է իրականացնել զբաղվածության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահառուները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույնաբար ապահովել իրենք զբաղվածությունը:

Նմանատիպ նյութեր