1421 դիտում
10:51 07-11-2019
Ցանկալի է, որ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել բազմաթիվ լավ և բազմաթիվ վատ բաներ, ինչպես յուրաքանչյուր մարդու, առավել ևս՝ քաղաքական գործչի մասին:
Եթե փորձենք հատկապես վատը փնտրել, ապա կարելի է արձանագրել, որ նա մի շարք ԱԺՄ-ական, դաշնակցական, ՍԻՄ-ական և 1990-ականների առաջին կեսի այլ ընդդիմադիրների հետ ատելության խոսքի, այսպես ասած, «համահիմնադիրն» է, և այդպիսի խոսքը, ցավոք, դարձավ մեր քաղաքական մշակույթի առանձնահատկություններից մեկը: Եթե քաղաքական պայքարի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ քո ընդդիմախոսը «թուրք» է, «դավաճան» է և այլն, ապա դա ուղիղ ճանապարհ է բացում բռնության, բռնության քարոզի և դրա արդարացման համար: Ընդհուպ մինչև զանգվածային պսիխոզը, երբ հասարակության մեծամասնությունն արդարացնում էր ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը և ոստիկանների սպանությունը:
Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել նաև լավ բաներ. «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային դեմքերից մեկը, որը պայքարը տարավ ճիշտ, Արցախի համար բարենպաստ ճանապարհով, Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը՝ պետություն, որը, անկախ բոլոր լրջագույն խնդիրներից, շանսեր ունի կայանալու: Պատերազմի և ներքաղաքական ճգնաժամի պայմաններում նա նշանակվել էր պաշտպանության նախարար, և իր գործը կատարել էր պատվով: Հուսով եմ, պատմաբաններն այդ ամենը կվերլուծեն ավելի անաչառ և մանրակրկիտ ձևով:
Բայց իշխանության ներկայիս զանգվածային հարձակումը Վազգեն Մանուկյանի վրա՝ կապ չունի նրա վաստակի կամ թերացումների հետ: Քարոզչության հիմքում ընկած է այսօրվա քաղաքական իրավիճակը և վերջին ժամանակներս այդ գործչի կատարած մի շարք քայլերը:
1/ Ի թիվս այլ գործիչների՝ նա նամակ է ստորագրել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:
2/ Վազգեն Մանուկյանը հիմնել է կամ հիմնում է «Վերնատուն» հասարակական կազմակերպությունը, որն, ըստ ամենայնի, իշխանության փառաբանմամբ չի զբաղվի:
3/ Հանրային խորհուրդը թեև իր նշանակությամբ չի համեմատվի Սահմանադրական դատարանի հետ, այնուամենայնիվ, այդ երկու պետական մարմինների ղեկավարների ինքնուրույնությունը նյարդայնացնում է իշխանավորներին: Այդպիսով, ՍԴ «ճգնաժամի» կողքին առաջացել է ՀԽ «մինի-ճգնաժամ»:
Մի խոսքով, սովորական քաղաքական պայքար է՝ ոչ մի արտառոց բան չկա: Պարզապես շատ ցանկալի է, որ այդ՝ այսրոպեական խնդիրների քննարկման ընթացքում կատարվող պատմական էքսկուրսների ժամանակ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար, անկախ քաղաքական հայացքներից՝ պետություն, Արցախ, բանակ: Մնացած «դարակազմիկ բացահայտումները» երկու-երեք օրից կմոռացվեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
823 դիտում
18:48 14-06-2023
Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի. Արարատ Միրզոյան
20358 դիտում
10:14 07-10-2017
ՀՀԿ-ից ինչ-որ մեկը մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու ցեխ է դրել. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»