211652_close_icon
views-count1380 դիտում article-date 19:20 30-10-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: ԱԳ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի և համաժողովի թեմայի՝ «Հաշտեցնել մարդկությանը և մոլորակին. հեռանկարներ ֆրանկոֆոն տարածքում ՖՄԿ 50-ամյակի նախօրեին» խորհրդին՝ ընդգծելով վերջինիս արդիականությունը ֆրանկոֆոն ընտանիքի համար: Երկուստեք կարևորվեց ՖՄԿ-ի՝ որպես կառույցի դերի և կշռի ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը «Ապրել միասին»-ի հիմքում ընկած խաղաղության, համերաշխության, երկխոսության մշակույթի, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին և պատրաստակամությունը՝ հետևողականորեն շարունակելու իր ավանդն ունենալ Կազմակերպության արդիականացմանն ու դրա միջազգային դերի առավել ամրապնդմանն ուղղված գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների կողմից գործադրվող ջանքերին: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև ՖՄԿ-ի հիսունամյա հոբելյանի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, ինչպես նաև քննարկեցին միջազգային հարթակներում իրականացվելիք գործողություններն՝ ուղղված բիզնեսի, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցությանը։ Որպես կազմակերպության առաջնահերթություն ընդգծվեց նաև երիտասարդության առավել լայն ներգրավվածությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր