211652_close_icon
views-count2164 դիտում article-date 19:11 28-10-2019

Արվեստը որպես այլընտրանք «անազատությանը». իրականացվեց «Կրթություն բոլորի համար» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հիմնարկի ղեկավար անձնակազմի օժանդակությամբ իրականացվեց «Կրթություն բոլորի համար» միջոցառումը՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Լռության միավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին ազատազրկման դատապարտված անձանց ձեռքի բազմաբովանդակ աշխատանքները: Գտնվելով անազատության մեջ՝ շատ դատապարտյալներ ցանկություն են հայտնել մասնակցելու հիմնարկում վերոնշյալ ՊՈԱԿԻ-ի կողմից կազմակերպվող խեցեգործության, կավագործության, նկարչության և արվեստի տարր կրող այլ դասընթացների՝ այդ ձևաչափով ընդլայնելով աշխարհընկալումը, փորձելով հանրության հետ խոսել մշակույթի լեզվով, ինչպես նաև կարևորելով իրենց օգտակար զբաղվածության և հետագայում հանրության մասնիկ դառնալու հնարավորությունը: Արդյունքում ցուցահանդեսը հագեցած էր դատապարտյալների ձեռքով երկրորդ կյանք ստացած և մեծ գնահատանքի արժանի գունագեղ, էսթետիկ աշխատանքներով՝ պատրաստված կավից, ապակուց, փայտից և արվեստի նմուշ ծառայող հնարավոր այլ իրերից: Ներկայացված էին նաև դատապարտյալների՝ տարիների ընթացքում կտավին հանձնած բովանդակալից և ուշագրավ ստեղծագործությունները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, վերջինիս տեղակալ Գայանե Հովակիմյանը, դասավանդող ուսուցիչներ, ոլորտով հետաքրքրվող բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց աշխատանքները ներկայացված էին ցուցահանդեսում: Ողջունելով ներկաներին և ազատազրկվածների շրջանում կրթական համակարգի զարգացմանն ուղղված նման միջոցառումները՝ Ս. Գալյանը կարևորեց դատապարտյալների վերասոցիալականացումն ու հետագայում հասարակության մեջ վերաինտեգրումն ապահովող համապատասխան ծրագրերի իրականացումը: Ծառայության պետ Ա. Գոյունյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման նախաձեռնության և կազմակերպման համար, մասնավորապես փաստեց. «Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթական ծրագրերում ներգրավելու, համապատասխան կրթական մակարդակի բարձրացման և գիտելիքների ապահովման գործընթացների արդյունքում աստիճանաբար կապահովվի վերասոցիալականացման արդյունավետ կայացումը՝ նպաստելով նրանց՝ արագ և անխոչընդոտ ինտեգրմանը հասարակությանը, հնարավորինս նվազեցնելով նաև հանցավոր երևույթներն ու քրեական վարքագիծը»: Խոսքով հանդես եկավ նաև ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանը. օրը նրա համար նշանակալից էր իր «Կամքը հայի» գրքի շնորհանդեսով: Գիրքը նվիրված է հայոց ազատամարտիկներին և ապրիլյան հերոսամարտում զոհված քաջորդիներին. «…բոլոր նրանց, ովքեր շրջեցին հայ ժողովրդի պատմության անիվը դեպի վերատիրացումը կորսված հայրենիքի»,- նշում է հեղինակը: Ներկաներին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանը: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր