3120 դիտում
19:28 26-10-2019
Ռուբեն Մխիթարյան. Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ, սոցիալական ցանցերի ՀՀ տարածքում բուռն, ջղայն ու վրդովեցուցիչ սկսեց քննարկվել, որ իբր Գյումրիում (իբր, որովհետև ոչ մի տեղանքային ապացույց չկա, որ դա հենց Գյումրին է) տեղադրվել է շիրմաքար վարչապետի նկարով: Հատուկ չեմ տեղադրում այդ նկարը իմ մոտ, քանի-որ ոչ միայն դեմ եմ նման երևույթներին, այլ նաև համարում եմ դա ստորություն (ինչպես համարել եմ ստորություն, երբ փողոցում իրենց բնակության վայրի դիմաց կախում էին հանրապետականների ազգանուններով ու տարիքով սև պաստառներ): Երկու դեպքում էլ անողները բացարձակ զրո բարոյականություն ունեցող մարդիկ են: Սա իմ համար միանշանակ է:
Բայց հիմա ուզում եմ խոսեմ էն «խելոքների» մասին, ովքեր համացանցում էդ նյութը տարածողների քոմենթներում սկսեցին ամոթանք տալ գյումրեցիներին, բրբռալ, ինչ-որ «ահավոր դուխով տղեք էլ» սպառնալ գալ Գյումրի ու լուրջ խոսակցություն ունենալ Գյումրիում պարզ չի ում հետ: Ասածներն էլ ի՞նչ է, թե բա Նիկոլը էդքան բան արեց Գյումրիի համար, իսկ դու՞ք.... օօօ ինչպիսի՞ պատասխան եք տալիս երկրի ղեկավարին… բա չէ՞ք ամաչում: Ամոթ քեզ Գյումրի, հազար ամոթ…
Ուրեմն ուշադիր լսեք: Դուրս էկեք ՀՀ վերջին 28 տարիների ամենաստրկային PR բովանդակությունից, երբ պետք է «ակազիվայեցա մինչև մահ» շնորհակալ լինել էս կամ էն ղեկավարին, որ նա ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐԵԼ Է ԻՐ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն այն, ինչի համար որ ընտրվել է էդ պահին ձայների մեծամասնությամբ: Տո բա պտի անի, բա ի՞նչ պտի անի: Քոչարյանի ժամանակ քննադատական կատակներ էինք անում բեմերից, մեկ էլ սկսում էին՝ բա չե՞ք ամաչում, Քոչարյանը էդքան տուն սարքեց Գյումրիում: Չէ չէինք ամաչում, բա երկրի ղեկավար էր, պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Ու հլը եթե լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց սարքված կլիներ:
Սերժի ժամանակ, յութուբի տեղը էսօրվա «զլմ»-ի տնազ համարվողները չգիտեին, իսկ մենք արդեն էդ հարթակում քննադատական հոլովակներ էինք դնում, մեկ էլ գնաաաց, բա չէ՞ք ամաչում, Սերժը Գյումրիից դուրս մի հատ թազա թաղ սարքեց ու լիքը բնակարաններ: Տո նախ շատ սխալ արեց, որ քաղաքից դուրս սարքեց, հետո էլ պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Հլը որ լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց վերջացրած կլիներ, կանցներ մնացած քաղաքներին:
Հիմա Նիկոլին հասանք, ու էլի, բա չէ՞ք ամաչում: Նախ մի հատ բոլորին դադարեք մի արշինով չափել, հո դուք անուղեղ ամեոբա չե՞ք: Երկրորդը Ռոբերտն էլ, Սերժն է, Նիկոլն էլ, ու ցանկացած այլ ղեկավար հետագայում, պարտավոր են անել այն, ինչի համար որ ընտրվել են, դա ԻՐԵՆՑ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Ու հիմա ավելի կոնկրետ: Գյումրիի լայնածավալ ասֆալտապատումը արվում է ոչ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ, շնորհակալ եմ քեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՔՈ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՍ ՓԱԿԵԼ ԱՅԴ ՎԱՐԿԸ ԵՒ ԴՐԱ ՏՈԿՈՍՆԵՐԸ: Գյումրիում կառուցվող մաքսատունը կառուցվում է ոչ թե օրվա վարչապետի, այլ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ու դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի շինարարությունը:
Ի դեպ, պարոն վարչապետ, ամեն անգամ ՊԵԿ-ի ղեկավարին հարցնելու փոխարեն, թե ե՞րբ է ավարտվելու շինարարությունը ու ամեն անգամ ստանալով տարբեր պատասխաններ, մի անգամ դա հարցրեք կառուցապատողին, նա ձեզ կտա ավելի կոմպիտենտ պատասխան: Ես հարցրել եմ իդեպ, ձեզ խաբում են:
Եվ ուրեմն, ինչպես ասում է դասականը, երկրի ղեկավարության բուն պարտականությունն է զբաղվել երկրի գործերով, ես իրենց դրա համար շնորհակալություն հայտնում եմ իմ հարկերից գոյացող իրենց ստացած աշխատավարձով և չհիմնավորված պարգևավճարներով:
Գյումրիում 1 ու կես տարվա ընթացքում արվել է դեռևս միայն ասֆալտապատում (վարկով), դեռևս պատրաստ չէ մաքսատունը (պարզ չէ երբ կաշխատի ամբողջ ծավալով), հա վայ…)) Տուրիզմը…)) Գյումրիում բոլոր հյուրանոցները և հյուրատները իրար հետ հաշված ունեն ընդամենը մոտ 1.300 քնելու տեղ, չկա ոչ մի լիարժեք գոնե 4 աստղանոց հյուրանոց, իսկ լողավազան ունեցող ամենամոտիկ հյուրանոցը Երևանում է: Էկող տուրիստները առավոտ գալիս են, երեկոյան գնում, մեծ մասը դպրոցականներ ՀՀ այլ քաղաքներից, մեծամասամբ Երևանից:
Գյումրիում այս տարի անցկացվել է 4 խոշոր միջոցառում: Վարդավառ (մասնավոր նախաձեռնություն, 500.000 դրամ ծախս, մոտ 5.200 հյուր), Գյումրու օր (քաղաքային բյուջե, 8.000.000 դրամ, մոտ 6.000 հյուր), Անկախության տոն (պետական բյուջե, 220.000.000 դրամ, մոտ 14.000 հյուր), Ավրորա-համերգ (մասնավոր նախաձեռնություն, ???? դրամ, մոտ 1.000 հյուր):
Դե հիմա կարծում եմ բարդ մաթեմաթիկա չի հաշվել ծախս-հյուր հարաբերակցությունը և տեսնել ով է ավելի էֆֆեկտիվ գործել: Գյումրիին պետք են հյուրանոցներ, պարոն վարչապետ, ԼԱՎ, ՈՐԱԿՈՎ ՈՒ ՇԱՏ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ: Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում: Եթե ձեզ, պարոն վարչապետ, երբևիցե կհետաքրքրի քայլել Գյումրիում ոչ թե ձեզ անդադար քծնվող պաշտոնյաների, այլ իմ պես մարդկանց հետ, պատրաստ եմ ձեզ ժամերով պատմել, թե Գյումրիին իրականում ինչ է պետք, ինչքան է պետք ու որտեղից գտնել այդ միջոցները:
Հ.Գ. Չի կարելի քաղաքական պայքարը տեղափոխել «պլենդուզից ներքև», անկախ նրանից, որ հիմա դրանով զբաղվողների մեծ մասը հենց այնտեղ էլ ապրում էին:
Հ.Գ.2. Եթե նկատեցիք տեքստիս մեջ չկար «Լևոնն էդքան բան արեց Գյումրիի համար» հասկացողություն, որովհետև ինքը ոչինչ չի արել, բացի իր նշանակած լնգուլավազներով (դրանցից ոմանք հիմա պատգամավոր են) Գյումրիի բոլոր գործարանների թալանը ապահովելը»։
Նմանատիպ նյութեր
18417 դիտում
23:14 18-12-2018
Մհեր Ղալեչյան. Ֆեյսբուքի լայվերը դառնում են տեղեկատվական-քաղաքական պատերազմի բաղկացուցիչ մաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Media.am
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին