211652_close_icon
views-count964 դիտում article-date 14:46 16-10-2019

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու աշխատանքային խումբ հարցի հետագա ուսումնասիրման և Հանրային խորհրդի դիրքորոշման ձևավորման նպատակով: Աշխատանքային խմբի ձևավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարևորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը և կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված և օբյեկտիվ: Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաև անկախ փորձագետներով և ոլորտի մասնագետներով։ Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով և վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ: Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը: Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը: Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ և անդրադարձել առաջիկա անելիքներին: Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախևառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան և Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները և հասարակությանը հուզող հարցերը: [b]Անի Գասպարյան Մամուլի պատասխանատու[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր