ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին
ՀՀ պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 15-ին անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը:
Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը, իսկ գլխավոր առանձնահատկությունը՝ բազմազգ միջավայրում նշյալ ստորաբաժանումների համատեղ գործելու ունակությունների ներդաշնակումը և դաշտային վարժվածության կատարելագործումն էր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդների ներկայությամբ ընթացող գործնական վարժանքներին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:
Զորավարժության մտահաղացման համաձայն՝ պայմանական հակամարտության գոտում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը:
Ներգրավված ստորաբաժանումների որակավորմանը միտված վարժանքների շրջանակում խաղարկվել են միջազգային խաղաղարար առաքելությունների ընթացքում հանդիպող պայմանական մի շարք մարտավարական դրվագներ: Ուսումնական կենտրոնում բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ: