211652_close_icon
views-count2115 դիտում article-date 13:14 14-10-2019

Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին

Հայաստանի գիտությունը մեծ կորուստ ունեցավ: Կյանքից հեռացավ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին: Իգոր Զասլավսկին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀԳԱ հաշվողական կենտրոնի) հիմնադիր գիտնականներից էր: Նա մեծ ավանդ ունի Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության և մաթեմատիկական կիբեռնետիկայի բնագավառի զարգացման գործում: Իգոր Զասլավսկու գիտական աշխատանքները վերաբերել են մաթեմատիկական տրամաբանությանը և կոնստրուկտիվ մաթեմատիկային: Զասլավսկին Հայաստանում ստեղծել է Մաթեմատիկական տրամաբանության դպրոցը: Նրա աշակերտները զարգացրել են հանրապետության համար այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ալգորիթմների բարդություններ, արհեստական բանականություն և այլ ուղղություններ՝ ներգրավելով երիտասարդ կադրեր: Պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ելույթները միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտաժողովներում միջազգային համագործակցության նոր հեռանկարներ են բացել հայ գիտական կազմակերպությունների համար: Իգոր Զասլավսկին ծնվել է 1932 թվականին՝ Լենինգրադում: 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: Նրա ուսուցիչներն են եղել հայտնի մաթեմատիկոսներ Ա. Ա. Մարկովը և Ն.Ա. Շանինը: 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ բաժնի վարիչ, գիտության գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկական տրամաբանության և ավտոմատացված տրամաբանական արտածման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող: 1961 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հետագայում նաև Հայ-Ռուսական համալսարանում և դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ: Պրոֆեսոր. Իգոր Զասլավսկին եղել է տարբեր գիտական հանդեսների խմբագրությունների և մասնագիտացված խորհուրդների անդամ: Զասլավսկին մեծ մտավորական էր, համեստ և բարոյական բարձր արժեքների տեր անձնավորություն: Ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ՝ մաթեմատիկայի հիմունքների փիլիսոփայական հարցեր, մեքենայական թարգմանություն, մաթեմատիկական լեզվաբանություն, երաժշտություն: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում պրոֆեսոր Իգոր Զասլավսկու ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: 14.10.2019թ. [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր