211652_close_icon
views-count895 դիտում article-date 21:18 08-10-2019

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ընդլայնում է կարողությունները

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունում կայացավ հանդիպում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Թայեքս» (Տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման գործիք (TAIEX)) ծրագրի շրջանակներում փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած Իտալիայի Շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալության փորձագետ Ֆրանչեսկո Ֆուստոյի հետ: Փորձագետի այցի նպատակն է եղանակի (կլիմայի) վտանգների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների բարելավման հնարավորությունների ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը երկու երկրների միջև: «Հիդրոմետ» ծառայության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում փորձագետ Ֆ. Ֆուստոն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակումն է, ինչը թույլ կտա աղետների ժամանակ նվազեցնել հնարավոր վնասները: Փորձագետը կարևորեց նաև հետագա համագործակցության ընդլայնումը: «Հիդրոմետ» ծառայության տնoրեն Ա. Դպիրյանը ողջունելով ներկաներին՝ մաղթեց արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ և օգտակար: Այս չորս օրերի ընթացքում Ֆ. Ֆուստոն, որպես ԵՄ առաջավոր փորձի օրինակ, կծանոթացնի հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցի և տվյալների մշակման համակարգին, Իտալիայում կլիմայական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիային, ինչպես նաև կծանոթանա ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցին՝ այցելելով օդերևութաբանական կայան: Փորձագետի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հորիզոն 2020 (HorisonH2020) հետազոտական ծրագրի թեմաները, ԵՄ ֆինանսավորման հնարավորությունները՝ այդ ծրագրի շրջանակներում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու ուղղությամբ: Նմանատիպ ծրագրերի միջոցով նախատեսվում է հզորացնել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ինստիտուցիոնալ, գիտական և տեխնիկական կարողությունները, ինչը կնպաստի կլիմայի դիտված և սպասվող փոփոխության վերաբերյալ առավել արժանահավատ տեղեկատվության ստացմանը, երկրում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված միջոցառումների նպատակային իրականացմանը:

Նմանատիպ նյութեր