Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քչերը գիտեն, որ Գևորգ Էմինը ոչ միայն մեծ պոետ է, այլև քաղաքի հիմնադիր: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը:
Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցն այսօր պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով:
Տոնական օրը չարենցավանցիների հետ կիսում էին Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը, թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանն իր կնոջ ու որդու՝ Վահան Էմին-Տերյանի հետ:
Փողոցի անվանակոչության արարողությունից հետո Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տոնական համերգ:
Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը նշեց, որ փողոցի անվանակոչությունը պարտավորեցնող է, և Չարենցավանը յուրաքանչյուր տարի Գևորգ Էմինի փողոցում կկազմակերպի «Էմինյան օրեր» խորագրով գրական-երաժշտական միջոցառումներ: