Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունել է բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում 1-ին ընթերցմամբ միաձայն, 114 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու հետ կապված հարցերը:
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը:
Նախագծի համաձայն՝ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ: