Դրսում սովորող երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ մինչև 18 տարին լրանալը
Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց արտասահմանում սսովորող ՀՀ քաղաքացիներին տարկետման պայմաններին վերաբերող որոշման նախագիծ։
«Առաջարկը եղել է այն, որ եթե դիմորդը համախպատասխանում է տարկետման այս պայմաններին, արդեն 17 տարեկանում նրան հնարավորություն տրվի տարկետում ստանալու»,- ասաց նա:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշմամբ, ըստ էության, քաղաքացուն տարկետում կարող է տրվել մինչև 18 տարին լրանալը, ինչը օրենքի հետ որոշակի հակասություն ունի. «Խոսքն ավելի շատ վերաբերում է բուժփորձաքննության անցնելուն: Բոլոր զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում մինչև զորակոչը: Այսինքն օրինակ, ուսանողը գտնվելով Լոնդոնում, պետք է վերադառնա, անցնի բուժփորձաքննություն, ստանա տարկետում և շարունակի: Այս նախագծով մենք ասում ենք 17 տարեկանում գնա արտասահման սովորելու, կավարտես, 22 տարեկանում կգաս, նոր բուժփորձաքննություն կանցնես: Մենք առաջարկում ենք, որ եթե նման բան ենք որոշում, փոփոխություն կատարենք նաև օրենքում, որովհետև զինակոչիկի պարտականությունները ծագում են 18 տարեկանը լրանալիս»,- ասաց պաշտպանության նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կարելի է սահմանել, որ այս կոնկրետ խումբ մարդկանց համար բուժփորձաքննությունն ավելի շուտ տեղի ունենա:
Նախագիծն ընդունվեց։