211652_close_icon
views-count992 դիտում article-date 21:14 02-10-2019

Փոխվարչապետ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ գրասենյակի ղեկավար Ռոզենթալի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են և այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաև իր պաշտոնավարման ընթացքում: Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի և անկեղծ համագործակցության համար: Իսկ Պաոլո Սպանտիգատին վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները:

Նմանատիպ նյութեր