Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ:
«Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի: Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետո ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Փաշինյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին:
Նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի նաև ընդլայնված կազմով նիստը, որի օրակարգում կքննարկվի 16 հարց: