211652_close_icon
views-count1049 դիտում article-date 18:10 26-09-2019

84 հյուր 21 երկրից. ԵՊՀ-ն պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների: Այս տարի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցում է 84 հյուր 21 երկրից՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլ պետություններից: Հյուրերին առաջինը ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան և ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը: Մեզ հետ զրույցում Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Թիթյեն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառմանը: «Ես շատ եմ կարևորում այն բարեկամական հարաբերությունները, որոնք ստեղծվել են մեր երկու համալսարանների միջև, ապագայում ծրագրում ենք սերտացնել մեր համագործակցությունը՝ ավելի շատ ուսանողներ ներգրավելով տարբեր ծրագրերում»,- ասաց Քրիստիան Թիթյեն: Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Վահան Հակոբյանը կարևորեց այն մեծ դերը, որ համալսարանն ունի սերունդներին կրթելու գործում: «Գաղտնիք չէ, որ համալսարանի ամենակարևոր գործառույթներից մեկն ապագա սերունդների կրթության գործառույթն է, և ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանն արդեն հարյուր տարի պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը,- ասաց Վահան Հակոբյանը,- ցանկանում եմ նաև նշել, որ նախատեսում ենք ընդլայնել համալսարանի հետ համագործակցությունը՝ իրականացնելով փոխանակման ծրագրեր»: ԵՊՀ-ի հարյուրամյակը շնորհավորեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: «ԵՊՀ-ն հիմնադրվել է Հայաստանի համար համար շատ ծանր և դժվարին ժամանակահատվածում և այն քիչ կառույցներից է, որը կարողացել է այս տարիների ընթացքում անխափան կատարել իր աշխատանքը,- ասաց Ռուբեն Մելքոնյանը,- մեծ է համալսարանի դերը կրթական ավանդույթների ստեղծման և դրանց պահպանման գործում: Ես փորձելու եմ շարունակել և հաջորդ սերունդներին փոխանցել այն կրթական ավանդույթները, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում»: Այսօր տեղի է ունենալու նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ընթացքում նախատեսվում են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում և պարգևատրման արարողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր