ՀՀ Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է
Այսօր Նոյան Տապանի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Զորացրված սպաների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը խոսելով սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից, անդրադարձել է նաև իր և Կոտայքի մարզպետի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպին (դեպքի առթիվ քրգործ է հարուցվել) նշելով. «Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, որից հետո մարզպետի կողմից կիրառվում է բռնություն իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ»։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գ. Հովհաննիսյանի և Կոտայքի մարզպետի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, իսկ Գ. Հովհաննիսյանի մեջբերած դեպքը, վստահաբար վերաբերում է իր և մարզպետի եղբոր միջև ս/թ. մայիս ամսին տեղի ունեցած միջադեպին, որի առիթով քրգործ է հարուցված, ընդ որում՝ Գ. Հովհաննիսյանը նույնպես, ինչպես և մարզպետի եղբայրը, ներգրավված է այդ գործում՝ որպես կասկածյալ:
Կոչ ենք անում քաղաքացի Գ.Հովհաննիսյանին՝ կանխամտածված չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ՝ հանրությանը մոլորության մեջ գցելուց:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք հրապարակել հերքում՝ օգտագործելով ներկայացված պարզաբանումը:
[b]ՀՀ Կոտայքի մարզպետարանի
տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]