211652_close_icon
views-count1540 դիտում article-date 22:30 24-09-2019

Երևանում նշվել է սփյուռքի ամենանշանակալի մշակութային, ազգային-հասարակական կառույցներից մեկի` Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի 40-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ նշվեց սփյուռքի ամենանշանակալի մշակութային, ազգային-հասարակական կառույցներից մեկի` Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust London/ 40-ամյա հոբելյանը, ինչի առթիվ կառույցի հիմնադիր անդամ եւ պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը պարգեւատրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրով հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Արդեն չորս տասնամյակ ԼԹԽՄ հայրենանվեր գործունեություն է ծավալում Սփյուռքում եւ Մայր Հայրենիքում: Իրականացնելով մշակութային մարդասիրական ծրագրեր, ԼԹԽՄ նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը եւ հայրենասեր սերունդ դաստիարակելուն, մոտեցնելով երիտասարդներին ազգային կարեւորագույն արժեքներին՝ պատմությանը, գրականությանը, երաժշտությանն ու արվեստին: Հոբելյանական երեկոն, որին ներկա էին ավելի քան 350 հյուրեր, այդ թվում պետական այրեր, հոգեւորականներ, մշակույթի գործիչներ, սփյուռքից եւ Արցախից հայրենակիցներ եւ այլք, սկսվեց պաշտոնական մասով: ԼԹԽՄ հիմնադիր անդամ եւ պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը ներկայացրեց կառույցի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը, կարեւորելով նրա գոյությունը Անգլիայի հայ համայնքում եւ նրա բազմամյա գործունեությունը ի նպաստ հայ ինքնության, լեզվի, եկեղեցու եւ մշակույթի: Անդրադառնալով ԼԹԽՄ հաջողություններին, Վ.Ուզունյանը հատկանշեց «Էրեբունի» շաբաթաթերթը, «Արաքս» պարային համույթը, «Կոմիտաս» երգչախումբը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, որոնք հիմնադրվել են ԼԹԽՄ կողմից եւ շարունակում են գործել նրա հովանու ներքո: Խոսելով ապագա անելիքների ու ծրագրերի մասին, Վ.Ուզունյանը մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման եւ նաեւ երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության վերաբերյալ: Վ.Ուզունյանն իր խոսքն ամփոփեց շնորհավորանքի եւ երախտիքի խոսքով բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփյուռից, որոնք տարիներ շարունակ վստահում են եւ կանգնած են ԼԹԽՄ կողքին: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական ուղերձը ընթերցեց գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը, ով բարձր գնահատանքի էր արժանացրել ԼԹԽՄ կողմից որդեգրված ազգապահպան կարեւորագույն սկզբունքները՝ մշակութային եւ բարեգործական ծրագրերի միջոցով պահպանել հայ ազգային ինքնությունը Սփյուռքում, դաստիարակել հայրենասեր սերունդ, շենացնել եւ հզորացնել Հայրենիքը: «Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԼԹԽՄ բոլոր այն նվիրյալներին, ովքեր հիմնել, զարգացրել եւ հետեւողականորեն այս հանգրվանին են հասցրել կառույցը», - ասված էր ուղերձում: Երեմ Սիմոնյանը ընթերցեց նաեւ եւ Վարդան Ուզունյանին հանձնեց ՀՀ վարչապետի շնորհակալագիրը: Ելույթները եզրափակվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն բարձրաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի շնորհավորական եւ օրհնության խոսքով: Երեկոն շարունակվեց համերգային ծրագրով. հյուրերը հաճույքով լսեցին «Հովեր» պետական կամերային երգչախմբին: Հիմնադիր եւ խմբավար արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը 27 տարի շարունակ տարբեր խմբերգային ներկայացումներով, բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Թողարկել է 7 ձայնասկավառակ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Հաջորդիվ եղան «Զվարթնոց» քանոնահարների համույթի ելույթները: Խումբը ստեղծվել է ՀՀ ժող. արտիստ, պրոֆ. Հասմիկ Լեյլոյանի նախաձեռնությամբ եւ կազմված է Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի քանոնահարներից: Ելույթներով հանդես է եկել Հայաստանի տարբեր բեմերում: 2017 թ. Գյումրիում մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ արժանացել ‘’Grand Prize’’ մրցանակին: Տոնակատարությունն իր անզուգական կատարումներով ավելի գեղեցկացրեց «Արատտա» հայ խոսք ու երգի համույթը: Խմբի գեղարվեստական ղեկավարն ու մեներգիչը գրող, երգահան Արսեն Համբարյանն է: Համույթի գլխավոր նպատակն է հայ արվեստի հայեցի ներկայացումը, տարածումը, պահպանումն ու ժառանգումը սերունդներին: «Արատտա»-ի բոլոր երաժիշտները հայրենիքի եւ մշակույթի նվիրյալներ են, որոնց կարգախոսն է՝ արվեստը ազգի հոգին է: Երեկոյի ընթացքում հնչեցին ստեղծագործություններ Սայաթ - Նովայից, Կոմիտասից, Արմեն Տիգրանյանից, Արամ Խաչատրյանից, Նարինե Զարիֆյանից, Արսեն Համբարյանից եւ նաեւ ժողովրդական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր