211652_close_icon
views-count2336 դիտում article-date 12:26 23-09-2019

Պարզվել են ՀՀ էներգահամակարգում հուլիսի 10-ի տեղի ունեցած վթարի պատճառները

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կայնքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ չկան: 12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետև շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միևնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետևանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին և համակարգային վթարի զարգացմանը: Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաև վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել: Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել և վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվել սեղմ ժամկետում 2018 թվականին մշակված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները քննարկելու և հաստատելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր