211652_close_icon
views-count1475 դիտում article-date 14:15 21-09-2019

Ժամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ պարգև է հանձնել փայտագործ Սամվել Գասպարյանին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/988916.html]Արմենպրես[/url]»-ը, նախքան մրցանակի հանձնման արարողությունը ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին համահայկական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին: Նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ և շատ խորը անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,- նշել է ՀՀ նախագահը: Նախագահը պատմել է 8-րդ դասարանում ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում իրենց հանձնարարված մի առաջադրանքի մասին, որի շրջանակում պետք է գրեին շարագրություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով: «Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի այն, որովհետև շատ անկեղծ էի գրել: Եվ հիմա ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան, որը պատերազմի ընթացքում կորցրել էր մոտ 200-300 հազար որդիներին: Եվ երկիրը կատաստրոֆիկ վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու: Իմ հայրիկի, մայրիկի սերունդը՝ 1946-47 թթ հայրենադարձության սերունդը, եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին հսկայական արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունն ուզում եմ հայտնել նաև նրանց և կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու»,- նշել է նա: ՀՀ նախագահը պատմել է, թե ինչպես իր հայրն ու նրա ընկերներն իրեն փոքր տարիքից՝ 5 տարեկանից սկսած տանում էին Հայաստանի տարբեր շրջաններ, մինչև Արցախ, ծանոթացնում ճարտարապետությանն ու բնությանը: «Իրականում Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ իմ կողմից մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել և իր ժամանակը չէ՝ նա արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը: Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նա գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ այսօրվա հերոսները մի տեղից չեն, քանի որ, ինչպես նշել է ՀՀ նախագահը, մեր հայրենիքը միայն Երևանը չէ, Գյումրին է, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ և ամեն տեղ է:

Նմանատիպ նյութեր