1966 դիտում
22:30 18-09-2019
«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իմ քայլը» հիմնադրամ»-ը և Վորլդ Վիժն Հայաստանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ 2019 թվականին կիրառել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որին ներգրավված է եղել 18 ծայրահեղ աղքատ ընտանիք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդյունքում բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ:
Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանն ասաց, որ սոցիալական աշխատանքի և Աղքատության փուլային հաղթահարման ծրագրին մասնակցող ընտանիքների 48 տոկոսը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը:
Նրա խոսքով՝ այդ ընտանիքների 90 տոկոսի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77 տոկոսի առողջական վիճակը բարելավվել է, իսկ նրանց 82 տոկոսում բարելավվել է կյանքի որակը:
Էդիլյանը ներկայացրեց նաև 2017 թվականին արված հետազոտությունների որոշ տվյալներ, որ օրինակ՝ Հայաստանում ընդհանուր առմամբ 766 հազար մարդ աղքատ է:
«Ծայրահեղ աղքատ համարվող 42 հազար մարդու ամսական եկամուտը չի գերազանցում 24 հազար դրամը: Երեխաների 2.1 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 30.8 տոկոսը՝ աղքատության»,- Էդիլյանը և հավելեց, որ Հայաստանում 25.7 տոկոսն աղքատ է, իսկ 1.4 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ իրենք ունեն աղքատության հաղթահարման 3 հիմնական ուղղություն՝ սոցիալական աջակցություն, գումարային աջակցություն և առկա ծրագրերի հասցեականության բարձրացումը:
«Մենք առկա ծրագրերում նույնպես իրականացնում ենք բարեփոխումներ: Կարևորում ենք դժվարին իրավիճակում հայտնված ոչ միայն ֆինանսական կամ նյութական աջակցությունը, այլ նաև կարողությունների զարգացումն ու խորհրդատվության տրամադրումը՝ վերապատրաստումների միջոցով»,- շեշտեց Բաթոյանը և կարևորեց աղքատության հաղթահարման այս փորձը պետական քաղաքականության մաս դարձնելու հնարավորությունը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ այս ծրագիրը հասցեական է, օգնում է ընտանիքներին դառնալ ինքնաբավ, ունենալ տնտեսական կայուն աճ:
«Նմանատիպ ծրագրերը երկարաժամկետ ազդեցություն են թողնում՝ հնարավորություն տալով դուրս բերել այդ ընտանիքներին աղքատությունից»,- ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի մասնակից ընտանիքներին, իրենք փորձում են ուսուցանել այնպիսի մասնագիտություններ, որոնք համահունչ են այսօրվա աշխատաշուկայի պահանջներին: Ղազարյանն ընդգծեց, որ այդ քայլով լրացվում է նաև շուկայում առկա բացը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»