2415 դիտում
12:52 14-09-2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով. ՊԵԿ
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու:
Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։
Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։
Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո:
Հետևաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Միևնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։
Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։
Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։
Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձևով․ ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաև բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։
Կարևոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ․ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
[b]Պետական եկամուտների կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
56887 դիտում
18:47 20-01-2019
Արարատի մարզպետը իրեն պարգևատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am
1343 դիտում
17:56 21-04-2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1705 դիտում
14:49 11-05-2023
Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով
Այս բաժնից
574 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am