Խորհրդարանն ընդունեց 1 անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 1 անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նախագիծն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:
«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը: