2279 դիտում
21:52 11-09-2019
Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:
Բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու և Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:
«Վստահությամբ կարող եմ ասել, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության շրջանակը՝ ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը: Եվ մենք ունենք բոլոր նախադրյալները համատեղ օրակարգն առաջ մղելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու՝ երկուստեք ներգրավվելով քաղաքական ու հասարակական լայն խմբեր»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում: Ընդգծելով Ֆրանսիայի և Արցախի՝ համամարդկային և ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին և նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը: «Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում»,-ընդգծել է խորհրդարանականը:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը ևս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղղու մասին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:
Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի և Ֆրանսիայի միջև մարդասիրական ուղղություններում համագործակցությանը վերաբերող առաջարկներ:
Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի հիշատակին: Պատվիրակությունն այնուհետև ծաղիկներ է խոնարհել Արցախի ազատագրման համար նահատակված զինվորների շիրմաքարերին:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
18:32 10-09-2015
Արցախի եւ Բելգիայի խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել հանդիպում
1306 դիտում
22:17 24-03-2023
Արցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ
Այս բաժնից
1498 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ