211652_close_icon
views-count1155 դիտում article-date 14:55 04-09-2019

Վարդազարյանն անթույլատրելի և դատապարտելի է համարում միտինգային արդարադատությունը

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն անընդունելի է համարում այն, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել։ «[url=https://armenpress.am/arm/news/986849.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդազարյանը շեշտեց, որ արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է։ «Միտինգային արդարադատությունը ինձ համար շատ անհասկանալի է և անթույլատրելի։ Օրինակ՝ երբ քննվում էր ՊՊԾ-ի գործը, մի խումբ անձինք կանգնած էին և պաշտպանում էին ամբաստանյալներին, մյուսը՝ դրանց դեմ։ Ես բազմիցս նշել եմ, որ սա ճնշում է դատարանի վրա»,- ասաց Վարդազարյանը։ Նա նշեց, որ վերջերս նույնպես փորձել են Բարձրագույն դատական խորհրդի առջև բողոքի ակցիա կազմակերպել։ «Գտնում եմ, որ այն դատարանը և դատավորը, որն արդարադատությունը կիրականացնի՝ կախված դատարանի առջև կանգնած մարդկանց քանակից, որակից, հնչեցրած բառերից, այդ դատարանը և դատավորը կլինի սխալ։ Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել։ Մենք 21-րդ դարում ենք, և այդ Լինչի դատարանն ու նման մեխանիզմներն անընդունելի են»,- ընդգծեց ԲԴԽ նախագահը։ Հարցին՝ եթե անգամ ՀՀ վարչապե՞տն է նման կոչ անում, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Վստահ եմ, որ դատավորը, դատարանի դիմաց ցանկացած բողոքի ակցիայի դեպքում, իրավունք չունի ճնշվելու կամ արդարադատություն իրականացնելու՝ կախված ժողովրդի քանակից»։

Նմանատիպ նյութեր