211652_close_icon
views-count1659 դիտում article-date 11:12 28-08-2019

Նախկինից մնա­ցած ծանր խնդիրներին պետք է ոչ թե տր­վեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդ­դիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլև ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ և իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ: Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում այս պարագայում «ինստիտուցիոնալ» բառը: Արդյո՞ք իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղու­թյամբ՝ դրա մասին կարծիքները կարող են տար­բեր լինել: Հեղափոխությունից հետո խոսվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Դարձյալ, իմ ընկալմամբ, խոսքն այն մասին է, որ նախկինից մնա­ցած ծանրագույն խնդիրներին պետք է ոչ թե տր­վեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից: Դա օբյեկտի­վորեն դժվար է, երբ ամեն պահի ստիպված են «հրդեհներ հանգցնել» (հիմա` նաև այդ բառի ու­ղիղ իմաստով): Այսինքն` երբ բուհերի ռեկտորների աթոռների շուրջ գզվռտոց է գնում, դժվար է մտա­ծել այն մասին, թե ինչպես փոխել բարձրագույն կրթության հայեցակարգը, որպեսզի այն դադարի լինել երիտասարդների համար 4 կամ 6 տարվա «ժամանցի շրջան» և պատրաստի գործատունե­րին անհրաժեշտ մասնագետներ: Երբ Երևանում աղբի սարեր են գոյանում, հնարավորություն չկա մտածելու, թե ինչպիսին պետք է լինի աղբահանության ժամանակակից համակարգը՝ սկսած կր­թական ծրագրերից, վերջացրած աղբի վերամ­շակման գործարանով: («Հուսահատության Գազել­ների» մասին էլ չեմ խոսում՝ դրանք աստիճանա­բար վերածվում են «ճակատագրական Գազելնե­րի»): Երբ Ամուլսարի շուրջ պոպուլիստական կրքեր են բորբոքվում, ժամանակ չկա մտածելու հան­քարդյունաբերություն ամբողջ «գաղափարախոսու­թյունը» փոխելու՝ «հումքային» երկրից իսկապես արդյունաբերական երկիր դարձնելու մասին: Երբ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես փոխել ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայի­նով» կամ դժգոհում որոշ դատավորների՝ իր հա­մար ոչ հաճելի որոշումներից, նա ժամանակ չու­նի լրջորեն մտածելու, թե ինչպես փոխել ամբողջ դատական համակարգը: Այսինքն՝ բոլոր դեպքե­րում լուծումները, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ժամանակավոր են, այսրոպեական են, ինստիտուցիոնալ չեն: Դա մի քիչ նման է այն դեպքերին, երբ մեզանից գրեթե յուրաքանչյուրն ասում է՝ «սպասեք, գլուխս խախանդվի, և այդ ժամանակ կսկսեմ առավոտ­յան մարզվել, առողջ սնունդ օգտագործել և լե­զուներ սովորել»: Բայց «խախանդվելու» պահն այդ­պես էլ չի գալիս»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր