211652_close_icon
views-count5626 դիտում article-date 13:30 04-08-2019

Նվազագույն աշխատավարձի պերճանքն ու թշվառությունը. Վաչե Գաբրիելյան. 168.am

[url=https://168.am/2019/08/02/1155997.html?fbclid=IwAR0M-tfpA9l64Z9S4GINXu7661Y7ZAoxP3DObMS3bjkVxq4WJoXLBgMwCN0]168.am[/url]-ը ներկայացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան Սիմոն» գործարարության եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի գնահատականները՝ Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ: Իրականում հավասարակշռման հարթություններն ավելին են՝ պետական եւ մասնավոր հատված, փոքր եւ մեծ ձեռնարկություններ, կենտրոն եւ տարածաշրջաններ, բյուջետային ֆինանսներ եւ բիզնեսի բեռ, եւ այլն: Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2012 թվականից էապես բարձրացել է՝ 32,500 ՀՀ դրամից 55,000 դրամի՝ չհասնելով թե՛ 2012 թ., թե՛ 2014թ. Կառավարության ծրագրերով 2017 թ. համար նախատեսված 65, 000 դրամ թիրախին: Այդ ընթացքում բազմիցս եղել են քննարկումներ, պառլամենտական հարցապնդումներ՝ նվազագույն աշխատավարձը նվազագույն կենսապայմաններին համապատասխանեցնելու, կամ կենսապահովման աշխատավարձի (living wages) սահմանման մասին: 2015 թվականի հուլիսյան 10 տոկոսանոց բարձրացումից հետո, հարցը կրկին բարձրացավ 2019-ին: Ի պատասխան պատգամավորներ Կարապետյանի եւ Թունյանի օրենսդրական նախաձեռնության, որով նախատեսվում էր նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել 55,000 ՀՀ դրամից 63,000 դրամի, ՀՀ կառավարությունը 2019թ. հունիսի 27-ի նիստին քննարկելով այդ առաջարկությունը, հանդես եկավ այն 68,000 դրամ սահմանելու ավելի ռադիկալ օրենսդրական նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կից հիմնավորման մեջ որպես ծախս 63,000 դրամ մակարդակի համար գնահատվում է 69,4 մլրդ դրամ, սակայն ֆինանսների նախարար Ջանջուղազյանի գնահատմամբ, դա կարող է լինել, եթե բարձրացվեն նաեւ պաշտոնյաների աշխատավարձերը, որոնք բարձրացնել չի նախատեսվում: Թեեւ հավանության արժանացած օրենքի նախագիծն այդպիսի դրույթ չի պարունակում, պետական աշխատավարձերի չբարձրացման նման խնդիր է դրել նաև պատգամավոր Թունյանը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովում օրինագիծը պետք է քննարկվի լրամշակված փաթեթով: Դա նշանակում է ՀՀ-ում պետական աշխատավարձերի համակարգի որոշակի կառուցակարգերի փոփոխություն, որի մասին այժմ կարող ենք միայն ենթադրություններ անել: Անդրադառնանք առաջարկվող փոփոխությունների գաղափարախոսությանը: Մի կողմից, դա մարդուն կենսապահովման նվազագույն պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ գումարի և նվազագույն աշխատավարձի տարբերության անընդունելիությունն է ընդհանրապես, մյուս կողմից՝ նույն դրույթը Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված Հայաստանի պարտավորություններով պայմանավորելը: Կառավարության նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձի «օպտիմալ մեծությունը հաշվի է առնում ինչպես սոցիալական ներառականության գործոնը, այնպես էլ՝ տնտեսության մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնները, այսինքն՝ որքան է նվազագույն աշխատավարձի մեծությունը, որը պետք է լինի Հայաստանի ներկա տնտեսության պայմաններում»։ Կառավարության հիմնավորման գաղափարախոսությունն առավել հավասարակշռված է, եւ ըստ էության կրկնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության 1970 թվականի Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայի Հոդված 3-ի դրույթները՝ այն է. Նվազագույն աշխատավարձի մակարդակի սահմանման ժամանակ հաշվի առնվող գործոնները, որքանով հնարավոր է եւ ընդունելի է ազգային գործելակերպին եւ պայմաններին համապատասխան, ներառում են. ա) աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները` ուշադրության առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ այլ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը, բ) տնտեսական գործոնները` ներառելով տնտեսական զարգացման պահանջները, արտադրողականության մակարդակը եւ զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման եւ պահպանման ցանկալիությունը: [b]Կառավարությունը այն գնահատել է 4 մեթոդներով՝ [/b] Կիրառված եղանակներով նվազագույն աշխատավարձի գնահատված չափերն են՝ սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդով՝ 67,660 դրամ, ըստ ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության եղանակով՝ 64,600 դրամ, նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերության եղանակով՝ 70,142 դրամ, եւ 2019թ. մայիսին հարցմանը մասնակցած 1,580 գործատուների առաջադրած միջին մեծությամբ՝ 70,254 դրամ։ Չեմ անդրադառնում սոցիալ-ներառական հաշվարկների տրամաբանությանը, դրանք հիմնված են կենսապահովման զամբյուղի վրա եւ մանրամասնված են պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մեջ: Առանց այլ տվյալների հետ համադրման, միայն այս մոտեցման օգտագործումը թերեւս ռոմանտիկ է, քանի որ ենթադրվում է, որ անկախ արտադրողականության մակարդակից եւ տնտեսական հիմնարարներից, օրենսդրությամբ ուղղակի կարելի է կյանքի կոչել պատշաճ կենսակերպ բոլորի (տվյալ դեպքում՝ բոլոր լիովին զբաղվածների) համար: Փաստերը վկայում են, որպես կանոն, որ կենսապահովման մակարդակին մոտ նվազագույն աշխատավարձ իրենց կարողանում են թույլ տալ միայն հարուստ երկրները: Այս հարցի կարելիության տնտեսագիտական հիմնավորմանը մանրամասն կանդրադառնամ ներքեւում: Չեմ ուզում քննարկել նաեւ գործատուների հարցմանը՝ մեկամսյա առցանց հարցման վիճակագրական նշանակալիության տվյալներին (այդ թվում տարածքային, ըստ ճյուղերի եւ ըստ ձեռնարկությունների չափերի բաշխվածությանը) չտիրապետելու պատճառով: Այստեղ տեսականորեն կարող են առաջանալ խնդիրներ, օրինակ, երբ մեկ ճյուղի ներկայացուցիչները դեմ են, մնացյալը կողմ են, կամ ընդհակառակը։ Տնտեսության «մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնների» տեսակետից, հետաքրքիր, սակայն մասնագետների կողմից առանձնապես չկիրառվող մոտեցում է նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության քննարկումը: Բանն այն է, որ աշխատավարձի մակարդակն էապես կարող է տարբերվել մեկ շնչին ընկնող ՀՆԱ միեւնույն մակարդակն ունեցող երկրներում, ինչպես նաեւ կարող է տարբերվել նույն երկրում ժամանակի ընթացքում: Օրինակ, ԱՄՆ-ում այս երկու ցուցանիշների շեղումը 1990-ից ի վեր ավելի քան խոսուն է: [img]https://st0.shamshyan.com/editor/0993580001564910510973984.jpg[/img] Բնականաբար, այս ցուցանիշն առավել տարբեր կլինի ավելի մեծ վերաբաշխում ունեցող եւ ավելի ցածր վերաբաշխում ունեցող երկրներում, ավելի բարձր կորպորատիվ շահութաբերություն ունեցող երկրներում (օրինակ՝ Իռլանդիայում, որտեղ հարկերը ցածր են եւ բազմաթիվ տրանսնացիոնալ ընկերություններ ունեն գրասենյակներ), եւ այլն (տե՛ս ՏՀԶԿ պարզաբանումն այս առումով): Առավել մանրամասն անդրադառնանք տնտեսագետների կողմից լայնորեն կիրառվող աշխատավարձերի շուկայի կարեւորագույն հարաբերական ցուցիչին՝ նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերությանը: Այս հարաբերակցությունը սերտորեն առնչվում է նաեւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված Հայաստանի պարտավորություններին: Քննարկենք այն ավելի մանրամասն կերպով: Սոցիալական խարտիան, ինչպես նաեւ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին 1970 թ. կոնվենցիան, մակարդակի կոնկրետ ցուցումներ չունեն: Մասնավորապես, 1996 թ. Վերանայված սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 1-ին պարագրաֆով սահմանվում է. Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ 1. ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց եւ նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ: Սույն իրավունքի ճանաչումը չունի խարտիայի մաս կազմող որեւէ քանակական չափորոշիչ: Կա սակայն խարտիայի մոնիտորինգն ապահովող հանձնաժողովի մեկնաբանություն (զուտ նվազագույն աշխատավարձը պետք է լինի զուտ միջին աշխատավարձի առնվազն 60%-ը), որի նկատմամբ երկրները տալիս են հաշվետվություններ (խարտիայի հաշվետվություններ բաժնի ձևաչափեր ենթաբաժնի մեթոդական ցուցումներ, էջ 278): Համաձայն այս հաշվետվության, այդ չափորոշիչին չեն համապատասխանում եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, անգամ եկամուտների էական վերաբաշխում իրականացնող Բելգիան (երիտասարդության մասով) եւ այլն: Հրապարակված զեկույցները պարզապես ամրագրում են, որ երկրում «նվազագույն աշխատավարձը ապրելու պատշաճ մակարդակ չի ապահովում»: Ընդհանրապես, ինչպես Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների հանձնաժողովի կողմից հրապարակված ներքեւում բերվող ինֆոգրաֆիկը ցույց է տալիս, աշխատանքի իրավունքի իրացման տեսակետից ամբողջովին համապատասխանող երկիր 2018թ. Եվրոպայում առկա չէ, իսկ ՀՀ-ն ակնհայտորեն առաջատար է Կովկասում: [img]https://st0.shamshyan.com/editor/0844489001564910549504111.jpg[/img] Այս առումով հարկ է անդրադառնալ այս գնահատականի երկու ասպեկտի՝ ցուցանիշին, եւ բնույթի պարտադիր լինելուն: Թեեւ Եվրոպայի խորհրդի սոցիալիստական թեւը վերջին տարիներին անընդմեջ խոսում է միջին աշխատավարձի 60% ցուցանիշի մասին, 2011 թ. նոյեմբերի 11-ին խորհրդարանի ընդունած Աղքատության եւ սոցիալական բացառման դեմ պլատֆորմի բանաձեւում ձեւակերպումներն այլ են: Մասնավորապես. Նվազագույն եկամուտ. Խորհրդարանը ցանկանում է…… որ Հանձնաժողովն օգնի անդամ երկրներին կիսվել նվազագույն աշխատավարձի մասին լավագույն փորձով, եւ խրախուսում է անդամ երկրներին ձեւավորել նվազագույն եկամտի մեխանիզմներ՝ հիմնված յուրաքանչյուր անդամ երկրում եկամտի միջնարժեքի առնվազն 60%-ի վրա: Այստեղ խիստ կարեւոր դրույթ է ոչ թե միջին աշխատավարձի, այլ աշխատավարձի միջնարժեքի չափը որպես հիմք ընդունելը: Դրանց տարբերություններին ես անդրադարձել եմ մանրամասնորեն: Երկրորդ կարեւորագույն խնդիրը նշված մակարդակի ցանկալի եւ ոչ թե պարտադիր լինելն է: Այն ոչ թե լուծված, այլ դեռեւս օրակարգային հարց է Եվրոպայում: 2019թ. հուլիսի 16-ին Ստրասբուրգում Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր նախընտրական ելույթում անդրադարձել է այդ ոլորտի անելիքներին. Սոցիալական շուկայական տնտեսությունում, լիովին զբաղված ամեն ոք պետք է վաստակի նվազագույն աշխատավարձ, որը բավարար է արժանապատիվ ապրելու համար: Այդ նպատակի համար մենք կառուցակարգ կզարգացնենք, իհարկե, հաշվի առնելով աշխատանքային շուկաների տարբերությունը: Բայց ես կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այն է, որ կոլեկտիվ բանակցություններ լինեն գործատուների միությունների եւ արհմիությունների կողմից, քանի որ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի ոլորտին կամ տարածաշրջանին: Ոլորտային եւ տարածաշրջանային օպտիմալության այս ձեւակերպումը համահունչ է Աշխատանքի միջազգային կազմակերպության վերոնշյալ կոնվենցիայի «տնտեսական զարգացման պահանջների, արտադրողականության մակարդակի եւ զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման եւ պահպանման ցանկալիության» դրույթին, քանի որ դրանք էապես կարող են տարբերվել: Ամփոփեմ: ՀՀ միջազգային պարտավորությունները նվազագույն աշխատավարձի քանակական ցուցանիշներ չեն պարունակում, իսկ Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների հանձնաժողովի հաշվետվական ձեւաչափերում ամրագրված աշխատավարձի միջինի (իրականում միջնարժեքի) 60%-ի ցուցանիշը կարելի է դիտարկել որպես ցանկալի թիրախ, սակայն երբեք որպես պարտավորություն, քանի որ անգամ հարուստ երկրների ճնշող մեծամասնության կողմից այն չի բավարարվում: Ընդ որում, եթե վերոնշյալ քաղաքական փաստաթղթում այդ ցուցիչը նշվում է որպես նվազագույն թիրախ, ապա անգամ նվազագույն աշխատավարձի ջատագով տնտեսագետների կողմից դա համարվում է առավելագույն թիրախ: Ինչպես նշեցի վերեւում, նվազագույն աշխատավարձի թեման ամենաբեւեռացնողներից է տնտեսագետների համար: Մինչեւ 1990-ական թվականները, Չիկագոյի համալսարանի գաղափարախոսության դոմինանտ ազդեցությամբ, տնտեսագետների ճնշող մեծամասնությունը ընդունում էր որպես ի վերուստ տրված ճշմարտություն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն աշխատատեղեր է կրճատում: Հետո, երբ Պրինստոնի համալսարանի շատ հարգի երկու պրոֆեսորներ՝ Դեյվիդ Քարդն ու Ալան Կրյուգերը միկրոտվյալների վրա հիմնված, գետի երկու ափերին (սակայն տարբեր նահանգներում եւ տարբեր նվազագույն աշխատավարձ ձեռք բերած) գտնվող ամբողջովին համադրելի ռեստորանային բիզնեսի աշխատավարձերի մանրամասն հետազոտություն կատարեցին, պարզվեց, որ դա միշտ չէ, որ այդպես է: Միկրոտվյալների վրա հիմնված այլ հետազոտություններ հետեւեցին, եւ նախկին կոնսենսուսը կոտրվեց: Ոչ թե պարզվեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում կրճատում չկա, այլ պարզվեց, որ միշտ չէ, որ այդպես է, եւ չափերը կարող են տարբերվել: ԱՄՆ-ում հատկապես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ սրվեց նվազագույն աշխատավարձի քաղաքականության խնդիրը: Շատ դեմոկրատներ առաջարկում էին այն կրկնապատկել՝ 1 ժամում 7.25 ԱՄՆ դոլարից հասցնելով 15 դոլարի: Վերոնշյալ բեկումնային ուսումնասիրության համահեղինակ Ալան Կրյուգերը, ով 2011-13 թթ. նախագահ Օբամայի գլխավոր տնտեսական խորհրդատուն էր, 2015-ին «Նյու Յորք Թայմզ»-ում հանդես եկավ հրապարակումով, որտեղ նշում էր, որ «մեկ ժամվա համար 12 ԱՄՆ դոլարը [մի քանի տարվա ընթացքում-Վ.Գ.] ցածր աշխատավարձ ստացողներին ավելի շատ օգուտ, քան թե վնաս կտա, իսկ մեկ ժամվա համար 15 ԱՄՆ դոլար նվազագույն աշխատավարձը մեզ կտանի անծանոթ ծովեր, որը սպառնում է անցանկալի եւ չնախատեսված հետեւանքներով»: Իր հրապարակման մեջ Կրյուգերն, ի թիվս այլոց, էապես հենվում է մի հետազոտության վրա, որտեղ էական ցուցիչ է Կայցի ինդեքսը՝ նվազագույն աշխատավարձի հարաբերությունը աշխատավարձի միջնարժեքին, եւ աշխատավարձի աճը տրամաբանական է համարում մինչեւ այդ հարաբերակցության 54 տոկոսը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2019/08/02/1155997.html?fbclid=IwAR0M-tfpA9l64Z9S4GINXu7661Y7ZAoxP3DObMS3bjkVxq4WJoXLBgMwCN0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր