211652_close_icon
views-count1892 դիտում article-date 22:36 02-08-2019

Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը: Մենք պատրաստակամ ենք խորացնելու և ամրացնելու Ձեզ հետ ունեցած համագործակցության ավանդույթները: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ սոցիալական աջակցության ոլորտում Ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի համար»,- նշել է նախարարը: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Զարուհի Բաթոյանը հատկապես բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների զարգացման գործում: «Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը համագործակցության առավել լայն հնարավորությունների և կոնկրետ նախագծերի իրականացման հիմք կդառնա»,- նշել է դեսպան Կոպեցկին: Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանի համար այս ժամանակահատվածը նոր սկիզբ է, որը թույլ է տալիս վերանայել առաջնահերթություններն ու ծրագրերը, որոնցից գլխավորը մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերն են՝ կարողությունների զարգացման միջոցով: Նախարար Բաթոյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:

Նմանատիպ նյութեր