ՀՀ զինված ուժերում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ
Հայաստանի զինված ուժերում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից հետո հայտերի քանակն ավելացել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին,՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Պայմանագրային զինծառայողների մոտ հետաքրքրության աճ է նկատվում, ինչը գուցե, կապված է նրանց աշխատավարձերի բարձրացման հետ: Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պայմանագրային ծառայության անցնել ցանկացողը պետք է համապատասխանի»,- նշեց Բալայանը և հավելեց, որ հիմնականում այդ չափորոշիչները վերաբերում են առողջական խնդիրներին:
Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանկացողների։
Հիշեցնենք, որ Հայաստանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 2019 թվականի հունիսի 1-ից աճել է 20%-ով։