211652_close_icon
views-count1820 դիտում article-date 11:07 27-07-2019

Երկիրը հնարավոր է բարեփոխել որոշակի «ճանապարհային քարտեզի» հիման վրա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Տարատեսակ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին նոր իշխանության վարկանիշը թեև փոքր-ինչ ընկել է, սակայն վստահության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Ես այդ հարցումների արդյունքներին հավատում եմ՝ ամենօրյա շփումս մարդկանց հետ հաստատում է, որ քաղաքացիների մեծ մասն իսկապես հավատում է իշխանությանը: Ասելով «իշխանությանը», նկատի ունեմ Փաշինյանին, որովհետև քաղաքական գործընթացները մեր երկրում խիստ անձնավորված են: Եթե որևէ սոցիոլոգ մոտենար ինձ և հարցներ՝ «դուք վստահո՞ւմ եք Փաշինյանին», ես կդժվարանայի միանշանակ պատասխան տալ, որովհետև հարցը չափից դուրս ընդհանուր է դրված, և պետք է բաժանվի «ենթահարցերի»: Ես վստահ եմ, որ 1/ Փաշինյանը երբեք չի օգտագործի իշխանությունը՝ իր և իր ընտանիքի նյութական հարցերը լուծելու համար, 2/ եթե քաղաքացիների մեծամասնությունը չցանկանա, որ Փաշինյանը պաշտոնավարի, նա «զոռով» չի մնա իշխանության ղեկին, 3/ վարչապետն անկեղծորեն ցանկանում է բարեփոխել մեր երկիրը: Այդ առումով այդ՝ ընդհանուր ձևով դրված հարցի իմ պատասխանը դրական է: Բայց ես վստահ չեմ, որ 1/ Փաշինյանը գիտի, թե ինչպես է պետք է բարեփոխել մեր կյանքը, 2/ նա իր ներկայիս թիմով կարող է դա անել: Ահա վստահության և անվստահության, այսպես ասած, «ավելի մանր» դասակարգումը: Բանն այն է, որ երկիրը հնարավոր է բարեփոխել որոշակի ծրագրի կամ, ինչպես հիմա է ընդունված ասել՝ «ճանապարհային քարտեզի» հիման վրա: Այդ «քարտեզն» իր հերթին, իմ կարծիքով, պետք է բխի որոշակի գաղափարախոսությունից՝ այո, չարչրկված «իզմ»-երից: Բերեմ մի պարզ օրինակ: Նրանք, ովքեր ապրել են Հայաստանում 1990-ականների առաջին կեսին, հիշում են, թե ինչպիսի հսկայական հերթեր էինք մենք կանգնում հացի համար՝ սկզբից առանց կտրոնների, այնուհետև՝ կտրոններով: Այդպես շարունակվեց, մինչև որ կառավարությունը հասկացավ, որ հացը պետք է արտադրվի ոչ թե հսկայական պետական գործարաններում, այլ փոքրիկ մասնավոր փռերում, իսկ գները պետք է ազատականացվեն, դրանք կորոշվեն շուկայական մեխանիզմներով: Եվ մոտավորապես 1994 թվականի երկրորդ կեսից հացի խնդիրը վերացավ: «Ճանապարհային քարտեզը» չպիտի լինի ամբոխահաճո՝ հայաստանցիներից շատերը մինչև հիմա հայհոյում են Հրանտ Բագրատյանին «երկիրը քանդելու» համար: Ծրագիրը չի կարող լինել անձնավորված՝ ոմանք, օրինակ, կարծում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումը հանգում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինել-չլինելուն: Մյուս կողմից վստահ եմ, որ մոտակա չորս տարիներին բարեփոխումների հնարավորություն ունի իրականացնելու միայն Փաշինյանի կառավարությունը: Միայն թե այդ հնարավորությունը բաց չթողնի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր