Լոնդոնում զինված հարձակում են գործել Օզիլի և Կոլաշինացի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը զինված հարձակման է ենթարկվել:
Գերմանացի ֆուտբոլիստն ու նրա թիմակից Սեադ Կոլաշինացը մեքենայով ընթացել են Լոնդոնի հյուսիային հատվածում, երբ նրանց վրա սկուտերներով հարձակվել է ավազակախումբը:
Հանցագործները դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով: Տեսախցիկները ֆիքսել են, որ նրանցից մեկի ձեռքին դանակ է եղել:
Օզիլը դուրս է նետվել մեքենայից և օգնության համար վազել մոտակա ռեստորան, որի անձնակազմի հետ ծանոթ է եղել, իսկ Կոլաշինացը փորձել է դիմագրավել կողոպտիչներին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ցուցմունքներ են վերցրել խաղացողներին, ինչպես նաև՝ ռեստորանի աշխատակիցներից:
Ներկա պահին հետաքննություն է ընթանում, ձերբակալվածներ դեռ չկան:
«Արսենալը» հայտարարել է, որ ֆուտբոլիստները չեն տուժել: