6694 դիտում
15:29 22-07-2019
Եթե Վենետիկի հանձնաժողովն ասի, թե նախագահները բացարձակ անձեռնմխելի են, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը․ Սաֆարյան․ Armtimes.com
Նախօերին Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց, որ կասեցնում է Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Խոսքը Քոչարյանի՝ որպես նախագահ անձեռնմխելիության մասին է։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանի անդամները զգուշանում են Հայաստանում իրենց շուրջ ստեղծված իրավիճակից եւ ժամանակ շահելու նպատակով են դիմել ՄԻԵԴ ու Հանձնաժողով։ Թեմայի շուրջ [url=https://armtimes.com/hy/article/166692?fbclid=IwAR3XT1NI4OJh9E5zxAV7EP5fzh7T43YIN2HABcnAADODFZmcVC87eiIIPMU]«Հայկական ժամանակ»[/url]-ը զրուցել է քաղաքագետի հետ։
[b]- Պարոն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ ՍԴ անդամներն ինչո՞ւ են կարծիք խնդրում Վենետիկի հանձնաժողովից, այստեղ չե՞ն հասկանում՝ ի վերջո այդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ, թե՞ այլ շարժառիթ ունեն։[/b]
- Իրենք ակնհայտորեն զգուշանում են Հայաստանում իրենց շուրջ ստեղծված վիճակից եւ փորձում են ուղղակի կառչելու տեղ ունենալ։ Դժվար թե ՍԴ-ում նստած անդամները, որոնք հիմնականում կրթությամբ իրավաբան են, չհասկանան, որ նախագահները չեն կարող բացարձակ անձեռնմխելիություն ունենալ։ Նույնիսկ ամենափոքր երեխային էլ պարզ է՝ դա ի՞նչ է նշանակում, ենթադրենք՝ նախագահն ուզի որեւէ մեկի տան վրա միջուկային զենք գցել, ատոմակայանը պայթեցնել, կագնելու են, ասեն՝ կարգավիճակից բխող եւ չբխող գործողությունների համար անձեռնմխելի՞ է։ Նույնիսկ ազատություններն ու իրավունքները այդպես բացարձակ չեն, մի քանի հիմնարար իրավունքներ կան, իհարկե, որոնք բացարձակ են, օրինակ՝ կյանքի իրավունքը ժողովրդավարական երկրներում, թեպետ երկրներում, որտեղ մահապատիժ կա, նույնիսկ կյանքի իրավունքը բացարձակ չէ։ Հիմա ընկնել մառազմի գիրկն ու չիմանա՞լ, որ նախագահը չի կարող բացարձակ անձեռնմխելի լինել։ Էլ չեմ ասում՝ նույն դատարանի անդամները հրաշալի գիտեն Սահմանադրության այն կետը, որտեղ գրված է, որ բանակը չի կարող ներգրավվել ներքաղաքական զարգացումներում։ Ամեն ինչից էլ տեղյակ են, նաեւ որ նման գործն ուղղակի հեռանկար չի կարող ունենալ։ Բայց տեսեք՝ ինչ վտանգավոր բանի մասին է խոսքը․ նույն ՍԴ-ն շարունակում է սեփական ժողովրդի հետ այս մուկն ու կատուն խաղալ, շարունակում է ժանգլյորություններ անել սահմանադրական արդարադատության հետ, իր վրայից գցելու համար վարույթի կասեցմամբ ուզում է հույսեր փայփայել, որ կամ Վենետիկի հանձնաժողովը, կամ ՄԻԵԴ-ը որեւէ կերպ կօգնեն իրենց, ինչ-որ բառեր կտան, որոնցից ինքը կկարողանա կախվել։
Եկեք չմոռանանք մի ուրիշ բան․ տակավին անհայտ է մնում, թե ինչ հիմքով պիտի այդ վարույթը գոյություն ունենա, եթե վերաքննիչ դատարանի որոշմամբ գործը հետ է կանչվել ՍԴ-ից, եթե հետ է կանչվել, ապա ի՞նչն է քննում, կամ գոյություն չունեցող գործի վարույթը կասեցնելը ո՞րն է։ Մի շարք իրավաբաններ եւ գործիչներ տարակուսանք հայտնեցին ՍԴ-ի վարույթ ընդունելու որոշման կապակցությամբ, եւ իրենք հասկացան, որ գործում են բացառիկ ապօրինության դաշտում ու հիմա մի ապօրինությունը շարունակում են մյուսով։ Գոյություն չունեցող դիմումի հիման վրա հարուցված վարույթը կասեցրել են․․․ սա նոնսենս է, սա անհասականալի վիճակ է, որն առավել քան ցույց է տալիս, որ այդ մարդիկ արդեն նույնիսկ պիտի ոչ միայն լքեն ՍԴ շենքը, այլ ենթարկվեն պատասխանատվության։ Նույն այդ դատավորները պիտի ենթարկվեն իրավական պատասխանատվության՝ սահմանադրական արդարադատության հետ այսպիսի կատակներ խաղալու համար, սրանք տեղյակ չեն, որ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել, ու այլեւս չեն կարող ֆռռացնել մի ամբողջ ժողովրդի։ Ես համարում եմ, որ նրանք ոչ միայն անորոշ ստատուսով ու կարգավիճակով, այլ նաեւ կանխակալ անդամներ են, եւ առիթ ունեցել եմ հիշեցնելու, թե ինչ վերաբերմունք եւ առնչություն են ունեցել Մարտի մեկի գործի վերաբերյալ, նաեւ ակնհայտորեն ունեն պատվեր՝ այս գործով ինչ-որ որոշում կայացնելու։ Այժմ այնպիսի տպավորություն է, որ ուղղակի ժամանակ են շահում, կոնտրհեղափոխության ինչ-որ պլաններ են ձախողվել, որոնք մայիս-հունիսի համար էին պլանավորված, հիմա վերջնաժամկետներ են փոխվել, աշնան ժամկետներ են դնում շրջանառության մեջ եւ ժամանակ են ձգում, քանի որ չեն ուզում վերջակետ դնել, ինչը պարտավոր են անել։ Չեն դնում վերջակետ, որովհետեւ ինչ-որ հույսեր ունեն, իրենց առջեւ ինչ-որ առաջադրանք է դրված, եւ ուղղակի ժամանակ են ձգում, հույս են փայփայում, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից իրենց հայտնի խողովակներով որեւէ ազդանշան ստանան, որը թույլ կտա ֆիքսել նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության բացարձակությունը։
[b]- Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչները Վարդան Պողոսյանն ու Գագիկ Հարությունյանն են։ Հանձնաժողովի այս նստաշրջանի ժամանակ զեկույցով է հանդես եկել Պողոսյանը՝ խոսելով նաեւ Քոչարյանի գործի մասին։ Հնարավո՞ր է նրա հայտնած կարծիքը ազդեցություն ունենա Հանձնաժողովի դիրքորոշման վրա։[/b]
- Վենետիկի հանձնաժողովի այս նստաշրջանի արձանագրության հետ կապված պատմությունից տեսաք, որ, ըստ էության, փորձում են Վարդան Պողոսյանի անձնական տեսակետը ներկայացնել որպես Հանձնաժողովի եզրակացություն։ Իհարկե տապալվեցին դա անելու հարցում, բայց հետաքրքիր էր, եւ ակնհայտորեն պարզ է դառնում, որ այդ արձանագրության մեջ ՀՀ իշխանության ներկայացուցիչ ասելով՝ նկատի ունեն Վարդան Պողոսյանին, որն ամենեւին ՀՀ կառավարությանը չի ներկայացնում։ Եւ, այս առումով, ՀՀ կառավարությունը պետք է բավականին արագ գործի՝ անկախ նրանից՝ դուր է գալիս դա որեւէ մեկին, թե ոչ։ Ամեն կառավարություն ինքն է որոշում, թե ով է լինելու իր ներկայացուցիչը։ Եթե մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք, որն ունի քաղաքական հայացքներ ու մոտեցումներ, ինքն ազատ պիտի զգա փոխարինել նրանց, ինչպես կփոխարինեն դեսպանին կամ որեւէ մեկին։ Դա չի նշանակում, որ դեսպանը որեւէ վատ բան է արել, բայց եթե քաղաքական իշխանությունը հարկ չի համարում, որ տվյալ մարդը ներկայանցի իրեն, ապա պետք է փոխել։ Նրանք քաղծառայողներ չեն, որ պաշտպանվածության թաղանթ ունենան իշխանափոխության դեպքում։ Նրանք կառավարության ներկայացուցիչներ են, եւ կառավարությունը պիտի ազատ զգա իր ներկայացուցչին ցանկացած պահի փոխելու հարցում՝ առանց սպասելու որեւէ ժամկետի ավարտի։ Այս դեպքում այլեւս չենք ունենա տարանջատում եւ այդ թյուրիմացությունն ու մանիպուլյացիաները, իբրեւ թե ՀՀ իշխանությունները համաձայնել են, որ համընդհանուր վեթինգի անհրաժեշտություն չկա (նման հատված տեղ էր գտել Հանձնաժողովի նստաշրջանի արձանագրության մեջ,-հեղ․) եւ այս կարգի անհեթեթություններ։ Նման թյուրըմբռնումները բացառելու համար պետք է այդ հանձնաժողովում անհապաղ փոփոխության ենթարկել մեր երկիրը ներկայացնող պաշտոնյաներին։
[b]- Այսինքն՝ Պողոսյանի դիրքորոշումն այնուամենայնիվ կարող է ազդեցություն ունենալ։[/b]
- Եթե կառավարությունը թույլ տա, որ իր օրակարգը չկիսող անձը ներկայացնի իրեն, իհարկե կունենա, որովհետեւ արձանագրության մեջ գրվել է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները։ Ո՞ւմ մասին է խոսքը, Վարդան Պողոսյանի։ Եւ, այս առումով, այո, նրա դիրքորոշումը նույնացվելու է։ Օրինակ, դեսպանը չկիսի երկրի կողմից վարվող քաղաքականությունը, շարունակի պաշտոնավարել ու ինքնագլուխ ներկայացնի սեփական տեսակետները, որոնք չհամընկնեն ՀՀ կառավարության տեսակետների հետ ու որեւէ մեկը վերապահում չա՞նի, որ գիտեք՝ մեր տեսակետը չէ, որպեսզի հավատարմագրող երկիրը հասկանա՝ կառավարության տեսակետ չի ներկայցնում այդ մարդը։ Հակառակ դեպքում զարմանալի չի լինի, որ դիրքորոշումն անդրադառնա Հանձնաժողովի կարծիքի վրա։
[b]- Հաշվի առնելով Մարտի մեկի գործի հնչեղությունը եւ այն, որ որպես մեղադրյալ է ներգրավված երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձ, մենք Վենետիկի հանձնաժողովից քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական-իրավական արձագանք կարող ենք սպասել։[/b]
- Գործն անհեթեթ է եւ ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ եվրոպական ստանդարտներով աշխատող որեւէ կառույց, եթե չլինեն ինչ-ինչ կոռուպցիոն կամ այլ հանգամանքներ, ուղղակի նման անհեթեթությանը մասնագիտական այնպիսի կարծիք ներկայացնի, թե նախագահներն օժտված են իրենց կարգավիճակից բխող կամ չբխող գործողությունների անձեռնմխելիության բացարձակ իրավունքով, ես կասկածում եմ։ Ես կասկածում եմ, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում այդ կառույցները նման գնահատական կտան, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը։ Անկախ ամեն ինչից՝ երեւի ՍԴ-ում իրենք էլ գիտեն, որ դա դժվար տեղի ունենա, եւ, ինչպես ասացի՝ իրենք ուզում են ժամանակ շահել, մինչեւ, ժողովրդական խոսքով ասած՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա»՝ հլը տեսնենք՝ ինչ է լինելու։ Ակնհայտորեն ՍԴ անդամներն իրենց դուրս են դրել սահմանադրականությունից, եւ շարունակում են իրենց ժանգլյորությունները ՍԴ անվան տակ։ Պետք է հասկանալ՝ ինչու են իրենց այդպես պահում, կաշառվա՞ծ են, վախեցա՞ծ են, կանխակա՞լ են, դա շատ լուրջ հարց է, որով պիտի զբաղվի ԱԱԾ-ն եւ պարզի՝ ինչն է այս մարդկանց դրդում նման կասկածելի եւ ոչ իրավական վարքագծի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/166692?fbclid=IwAR3XT1NI4OJh9E5zxAV7EP5fzh7T43YIN2HABcnAADODFZmcVC87eiIIPMU]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
14:30 13-11-2022
Արագ մահը շատ մեծ ճոխություն կլինի. Ստյոպա Սաֆարյան
Այս բաժնից
559 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
448 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
682 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am