211652_close_icon
views-count3100 դիտում article-date 23:40 19-07-2019

Պյոտր Սվիտալսկին արժանացել է «Աշոցք համայնքի մեծ բարեկամ» կոչմանը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին արժանացավ «Աշոցք համայնքի մեծ բարեկամ» կոչմանը: Այս որոշումը համայնքի ավագանին կայացրել է՝ հաշվի առնելով Հայաստանում պաշտոնավարման ընթացքում Աշոցք համայնքի զբոսաշրջության և դահուկավազքի զարգացմանն ուղղված ծրագրերն ու կատարված մեծ աշխատանքը: Կոչումը հաստատող փաստաթուղթը Պյոտր Սվիտալսկուն հանձնեց համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը՝ հուլիսի 19-ին դեսպանի Շիրակի մարզ այցի ժամանակ, գրում է [url=https://armenpress.am/arm/news/982289.html]«Արմենպրես»[/url]-ը: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով իր պաշտոնավարման ավարտին և ԵՄ կողմից իրականացվելիք ծրագրերին, հույս հայտնեց, որ մեկնարկած լավագույն ծրագրերը՝ հատկապես Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված, շարունակականություն կունենան: «Ես վստահ եմ, որ ինձ հաջորդող դեսպանն անպայման կշարունակի իմ սկսած քաղաքականությունը, այն է՝ հատկապես աղքատ տարածաշրջանների զարգացումը: Ավելի քան վստահ եմ, որ իմ գնալուց հետո այդ ծրագրերը հաջողությամբ ավարտին կհասցվեն, ինչպես նաև կսկսվեն նոր ծրագրեր՝ ի նպաստ այս շրջանների զարգացման: Հայաստանի հյուսիսային 3 մարզերում Գերմանիայի և Ավստրիայի մեր գործընկերների շնորհիվ նոր ջանքեր են ներդրվելու բավական մեծ ֆինանսական ներդրմամբ՝ մոտ 35 մլն եվրո՝ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման համար՝ ծառայելով այս մարզերի բնակչությանը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր