211652_close_icon
views-count1154 դիտում article-date 16:34 17-07-2019

JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա

Հուլիսի 17-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյին: Նախարարը շնորհակալություն հայտնեց JICA-ի ներկայացուցչին իրականացված աշխատանքների համար և առանձնապես շեշտադրեց ճապոնացի գործընկերների պատրաստակամությունը: Ֆելիքս Ցոլակյանը գոհունակությամբ նշեց, որ 2017 թ. սեպտեմբերի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընթացող ծրագիրն իրականանում է սահմանված ժամկետներում: ԱԻ նախարարը կարևորեց Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը և առաջարկեց, հնարավորության դեպքում, քննարկել ծանր տեխնիկայի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել սողանքների և քարաթափումների ժամանակ: Էջիրի Յուկիհիկոն հավաստիացրեց, որ նոյեմբերին ծրագրով նախատեսված 22 հրշեջ մեքենաները կհասնեն Երևան: Նա սողանքների և քարաթափումների դեպքում օգտագործվող համապատասխան տեխնիկա տրամադրելու համար առաջարկեց Ճոպոնիայի կառավարությանը ներկայացնել ծրագրային հայտ, որպեսզի խնդիրը քննարկվի ըստ ընթացակարգի: Նա նշեց, որ JICA-ԱԻՆ համագործակցությունն ունի արդյունավետ պատմություն՝ սկսած 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Էջիրի Յուկիհիկոն համոզմունք հայտնեց, որ կդիտարկեն ԱԻՆ կարիքները և աստիճանաբար հնարավորինս կաջակցեն: Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը Էջիրի Յուկիհիկոյին հանձնեց «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի» շրջանակներում ցուցաբերած աջակցության համար JICA-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Հայաշիին շնորհված ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը: Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար: Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Նմանատիպ նյութեր