2924 դիտում
16:14 16-07-2019
Աբգար Մուրադյան-75. ակադեմիական երաժիշտ, որ կլարնետի հնչողությունը բարձրացրեց ավելի բարձր մակարդակի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրել էր հիշատակի համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի 75-ամյակին։ Աբգար Մուրադյանն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը։ Տասնամյակներ առաջ հեռուստատեսության և ռադիոոյի նվագախմբի հիմնադրման առիթով հայտարարված մրցույթում մեծանուն Օհան Դուրյանը, լսելով դեռևս առաջին կուրսում սովորող Աբգար Մուրադյանի կատարումը, ասաց՝ առաջին կլարնետ։ Եվ այդպես՝ որպես առաջինը նա ապրեց ու ստեղծագործեց ամբողջ կյանքում։
Կլարնետահարի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ առաջին ջութակ, Սյուզի Երիցյան՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ)։
ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը նշում է, որ Աբգար Մուրադյանը մեր լավագույն կլարնետահարներից է։ Անցել է փայլուն դպրոց, ելույթ է ունեցել նվագախմբերի, անսամբլների կազմում, մենահամերգներով։ «Մենք հաճույք ենք ունեցել Աբգար Մուրադյանի հետ ոչ միայն Հայաստանում ելույթ ունենալու, այլև Ավստրիայում։ Գիտեք, որ Ավստրիան դասական երաժշտության օրրաններից է, որտեղ նա շատ բարձր տպավորություն թողեց թե՛ որպես կատարող-կլարնետահար, թե՛ որպես երաժիշտ։ Շատերից տարբերվում էր բարձր կուլտուրայով, ուներ բարձր տեխնիկական հնարավորություններ, իր ամբողջ էությամբ երաժշտության մարդ էր»,- ասում է Էդուարդ Թադևոսյանը։
Աբգար Մուրադյանի արվեստն այսօր շարունակում են նրա աշակերտները։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը 10 տարի աշակերտել է մեծ վարպետին։ Այժմ նա ուսանում է Եվրոպայում, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում, վարպետության դասեր է առել տարբեր մասնագետների մոտ։ Դավիթ Գյուլամիրյանը նկատում է, որ հայկական փողային արվեստը եվրոպականի հետ համեմատելիս հասկանում ենք, որ հայկական դպրոցը բնավ էլ չի զիջում, դրանք միմյանց փոխլրացնում են։ Եվ այստեղ իր մեծագույն ներդրումն է ունեցել Աբգար Մուրադյանը։ «Խստապահանջ էր որպես ուսուցիչ, բայց նաև շատ հեշտ էր աշխատել Աբգար Մուրադյանի հետ, քանի որ գիտեր՝ ինչ է ուզում ստանալ ամեն ուսանողից։ Յուրաքանչյուր ուսանողի յուրովի էր մոտենում. քամում էր բոլոր այն հնարավորությունները, որ թաքնված էին երաժշտի մեջ»,- ասում է Դավիթ Գյուլամիրյանը։
Աբգար Մուրադյանի որդին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նկատում է, որ մարդ ապրում է այնքան, որքան ապրում են իր ստեղծագործությունները, իր ելույթները։ «Համերգի ընթացքում տեղ գտած կատարումները մեզ կհիշեցնեն իր գործի մեծ վարպետին՝ Աբգար Մուրադյանին, որը կարողացավ մեր արվեստը ներկայացնել աշխարհում, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվագել համաշխարհային դասականների հետ մեկտեղ։ Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող աշակերտների բարձր կատարողական արվեստը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Աբգար Մուրադյանը կարողացել է մեծ ներդրում ունենալ իր մանկավարժական գործունեությամբ և կատարողական վարպետությամբ»,- ասում է Արմեն Մուրադյանը՝ նկատելով նաև, որ պատահական չէ ընտրված համերգի վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Նա հիշում է, որ ժամանակին հայրն էր իր ձեռքից բռնած՝ Կոմիտասի պանթեոնում պատմում մեր մեծերի, նրանց գործունեության մասին։ Իսկ այժմ ինքն է իր զավակներին փոխանցում այդ պատմությունները, մեր ժողովրդի փառավոր անցյալը։
Աբգար Մուրդյանի հիշատակին նվիրված երեկոյին ներկա էին մեծ երաժշտի ընկերները, հարազատները, աշակերտները, երաժշտասերներ։ Համերգային ծրագրում հնչեցին Յոհաննես Բրամսի, Շառլ-Մարի Վիդորի, Պակո դի Ռիվերայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
17:26 03-04-2015
Տեղի կունենա «Աբգար Մուրադյան» դուետի անդրանիկ համերգը
3078 դիտում
16:19 18-11-2016
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը
4033 դիտում
16:59 14-02-2018
Էդուարդ Թոփչյան. «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր