211652_close_icon
views-count3081 դիտում article-date 16:19 18-11-2016

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը

Նոյեմբերի 17-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ այն կատարել է մենակատար կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը։ Համերգային ծրագրում հնչել է նաև Կլոդ Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Դավիթ Գյուլամիրյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին կլարնետն է։ Նա նկատում է, որ քառամյա պատմություն և մեծ համբավ ունեցող Խաչատրյանի միջազգային փառատոնի հետ իր առաջին հանդիպումը տեղի է ունեցել հենց չորս տարի առաջ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում։ «Փառատոնը Հայաստան է հրավիրում առաջատար երաժիշտ կատարողների՝ միավորելով նրանց հայկական մշակույթի շուրջ։ Այսօր ինձ բախտ է վիճակվել խաչատրյանական փառատոնի շրջանակում ներկայանալ որպես մենակատար և լինել մեծահամբավ երաժիշտների կողքին»,-ասում է Դավիթ Գյուլամիրյանը։ Որպես կանոն, յուրաքանչյուր երաժիշտ ունենում է իրեն ամենահոգեհարազատ կոմպոզիտորին և ստեղծագործությունը։ Դավիթ Գյուլամիրյանը նկատում է, որ շատ դժվար է առանձնացնել որևէ մեկին։ Սակայն, այդուհանդերձ, հիշատակում է Մոցարտի Կլարնետի կոնցերտը, որը կլարնետահարների այցեքարտն է, առանց որի, նրանց երկացանկը չի լրանա։ Մոցարտի կողքին կլարնետահարը նշում է նաև Բրամսի, Շպորի, Վեբերի անունները։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 10-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր