211652_close_icon
views-count983 դիտում article-date 18:12 10-07-2019

ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումը, գործի դատաքննությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին

Սահմանադրական դատարանը երեկ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։ ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը որոշեց. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝ ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել, բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել, գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: 2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին: 3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին: 4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: 5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»: ՍԴ որոշմանն ամբողջապես կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում: Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր մեղադրող կողմի բողոքը՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։ Վերաքննիչ դատարանը փաստորեն բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումը, և որոշել էր գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Նմանատիպ նյութեր