Սահմանադրության կարևոր հոդվածը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը մենք՝ լրագրողներս, սիրում ենք խոսել այն մասին, թե ինչպես է ընդունվել 1995 թվականի Սահմանադրությունը, ինչպես նաև 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխությունները: Այս թեմայով ամեն ինչ կարծես թե ասված է: Հուսանք, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունները
ա/ չեն արտացոլի օրվա իշխանությունների «նեղ անձնական» ցանկությունները,
բ/ կընդունվեն արդար հանրաքվեի արդյունքում:
Հասկանալի պատճառներով ինձ առավել «հոգեհարազատ» է գործող Սահմանադրության հետևյալ հոդվածը. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»: Իհարկե, թղթի վրա գրվածի և իրական կյանքի միջև երբեմն անանցանելի անդունդ է լինում: Նման ձևակերպումներ կային և´ ստալինյան, և´ բրեժնևյան սահմանադրություններում և, իհարկե, նաև՝ անկախ Հայաստանի Հիմնական օրենքում:
Բայց թե՛ խորհրդային շրջանում, և թե՛ (ավելի մեղմ տարբերակով) Երրորդ հանրապետությունում կային խոսքի ազատության էական սահմանափակումներ։ (2018 թվականի հեղափոխությունից հետո այդ սահմանափակումներից շատերը վերացել են՝ չնայած գործընկերներիս մի մասն իմ այս արձանագրման հետ համաձայն չէ):
Բայց ես վստահ եմ, որ մեջբերված սահմանադրական նորմը չի կարող լիարժեք գործել, եթե հասարակության ցանկացած անդամ իր ամբողջ սրտով ու ոգով, անկեղծորեն և անվերապահորեն չընդունի, որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Այդպես է բոլոր ոլորտներում: Ասենք, ՊԵԿ-ը պետք է հետևի, որ մարդիկ վճարեն իրենց հարկերը, բայց մինչև քաղաքացիները չհասկանան, որ դա անհրաժեշտ է և պատվաբեր, իրավիճակն էականորեն չի փոխվի: Ճիշտ նույն ձևով խոսքի ազատությունը ծաղկում է այն ժամանակ, եթե ոչ միայն պետական մարմինները, այլև քաղաքացիները բացառում են կարծիք արտահայտելու հանդեպ որևէ ճնշում:
Անկախ Հայաստանի պատմության մեջ ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժող էին ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը: 1990-ականների առաջին կեսին այդպիսիք էին դաշնակցականները, 2008 թվականից հետո նման դրսևորումներ ունեին ՀԱԿ-ականները: Ագրեսիվության «էստաֆետն» այժմ վերցրել են քոչարյանականները: Մյուս բևռում գտնվող չափից դուրս խանդավառ նիկոլականների հետ միասին նրանք յուրովի «գրաքննում են» լրատվամիջոցները:
Իհարկե, ամեն մի լրատվամիջոց իր մոտեցումն ունի, և ես կարող եմ խոսել միայն «Առավոտի» մասին. մենք ոչ մեկի հետ մտերիմ չենք և ոչ մեկի հետ թշնամություն չենք անում: Միայն այդպես է, իմ կարծիքով, հնարավոր նորմալ լուսաբանել իրադարձությունները»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]