Այսօր Սահմանադրության օրն է
Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր:
1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք:
Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:
Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Սահմանադրությունը փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերի 6-ին կազմակերպված սահմանադրական հանրաքվեով։ Վերջին փոփոխության արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանականի: