211652_close_icon
views-count2948 դիտում article-date 21:32 03-07-2019

Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Այս մասին հայտնում են Հակոբյանի գրասենյակից: Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։ Հանդիպմանը, Բրունո Պիշիոտտան ներկայացրել է իրենց ծառայության նրբությունները, դժվարությունները։ Խոսելով հայ խաղաղապահների մասին, Բրունո Պիշիոտտան գոհունակություն է հայտնել և բարձր գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը։ Իտալացի հրամանատարը շեշտել է, որ հայ խաղաղապահները հրամանները կատարում են ժամանակին և բարձր պատասխանատվությամբ։ Հայկական զորախմբի հրամանատար կապիտան Արտյոմ Զախարբեկյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին։ Շնորհակալություն հայտնելով խաղաղապահներին ծառայության համար դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ առաքելության կազմում կա 41 երկիր և Հայաստանի ձայնը շատ բարձր է գնահատվում առաջին հերթին հայ խաղաղապահների ծառայության շնորհիվ։ ‹‹Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը։ Ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է, հատկապես, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված պետություն է, և նպաստելով աշխարհի տարբեր կետերում խաղաղապահ առաքելության իրականացմանը, մենք վերստին փաստում ենք, թե որքան ենք կարևորում խաղաղությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր առաքելության համար։ Դուք մեր հպարտությունն եք և լինելով Հայաստանի սահմաններից դուրս դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը››,- ասել է Աննա Հակոբյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր