211652_close_icon
views-count5736 դիտում article-date 11:43 03-07-2019

Միրգն ու բանջարեղենը՝ կոյուղու ջրով․ ապօրինություններ կոյուղու վրա․ «Վեոլիա Ջուրը» պատրաստվում է դիմել ոստիկանություն

Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում: Հայտնում է Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայությունը։ Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի աշխատանքին բնակիչների կողմից միտումնավոր միջամտության մասին է: Ընդ որում ոչ ավել, ոչ պակաս, այգիների ու բանջարանոցների ոռոգման համար: Այն, որ մեզանում ոռոգման նպատակով ապօրինաբար օգտագործվում է խմելու ջուր, գաղտնիք չէ: Այստեղից էլ ամառային տապերին երբեմն նկատվող ջրի անբավարարությունը: Բայց փաստ է, որ որոշ բնակավայրերում դրա համար օգտագործվում է նաև կոյուղաջուր, ինչը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է: Դրանց թվում են Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի բնակելի շենքերին հարակից հողատարածքները: Սխեման հետևյալն է. Նոր Նորքի առաջին զանգվածի կոյաջրերի հեռացման համար նախատեսված 500մմ տրամագծով խողովակաշարն իր ողջ երկայնքով ամեն 20-30 մետրը մեկ կոտրված է կամ խցանված այդ զավթված հողակտորների տերերի կողմից, իսկ արտահոսող կեղտաջրերով ոռոգվում են, ինչպես արդեն ասվեց, իրավական առումով տեր չունեցող, սակայն փաստացի կոնկրետ անձանց պատկանող հողատարածքներ: Այնտեղից էլ «կոյուղաջրի ավելցուկը» ի վերջո հոսում է դեպի Մյասնիկյան պողոտա: Կոյուղու խցանման համար կիրառվում են քարեր, երկաթե իրեր, ավազով լի պարկեր: Կոյուղաջրերով առատորեն ոռոգվող տարածքներից ստացվող միրգն ու բանջարեղենն էլ «սեփականատերերը» հանում են վաճառքի՝ հետևանքների մասին չմտածելով: Նման փաստեր կան նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երևանի այլ տարածքներում, ինչպես նաև մարզերում: Կոյուղատար համակարգը, «ոռոգման ջուր» ստանալու նպատակով, միտումնավոր վնասվում է շատ տեղերում: Վեոլիան շարունակաբար վերանորոգում է խողովակաշարերը, սակայն հաշված օրեր անց բնակիչները վերականգնում են «ստատուս քվոն»՝ այսպիսով շարունակաբար խաթարելով կոյաջրերի հեռացման գործընթացը: Բայց և պատասխանատվության ենթարկելը ապօրինությունների հեղինակներին խնդրահարույց է. ապօրինաբար ոռոգվող տարածքները որևէ իրավական կարգավիճակ չունեն: - Խնդրի լուծումը բարդ է, մենք նորոգում ենք կոյուղին, ասում ենք բնակիչներին, որ չի կարելի նման բան անել, իսկ մեր հետևից նրանք նորից գալիս կոտրում են, - աում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասի պետ Արամ Գրիգորյանը: Ջրամատակարար կազմակերպությունը վերջին տարիներին Նոր Նորքի առաջին զանգվածում 2 անգամ նոր կոյուղի է կառուցել, քանի որ գործող խողովակաշարը բնակիչների միջամտությունների հետևանքով ենթակա չի եղել հետագա շահագործման: Ներկայումս Վեոլիա ջրի վթարային բրիգադը սկսել է Լվովյան փողոցի ձորի հատվածում կոյուղագծի վերանորոգումը: Անշուշտ, կոյուղու կանոնավոր շահագործումը կվերականգնվի, սակայն խնդիրը մնում է օրակարգային: Այն լուծելու համար նաև տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունն է պահանջվում: Իր հերթին, ընկերության Իրավաբանական ծառայությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ խնդրելով օգնել ապօրինությունների հեղինակներին օրենքով սահմանված կարգով պատժելու, բնակիչներին նման արարքների ողջ անթույլատրելիությունը բացատրելու, և հետագայում նման ապօրինությունները «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգում բացառելու նպատակով:

Նմանատիպ նյութեր