211652_close_icon
views-count3380 դիտում article-date 23:23 02-07-2019

Երևանում մեկնարկելու է «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ դեռևս 2017թ.-ին Երևանում /Հայաստան/ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը (1st International Print Biennale, Yerevan 2017): Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է և ժամանակատար: Զարմանալի է, երբ որոշ արվեստագետներ հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից» և նախընտրում աշխատատար՝ վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում: Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունեն կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոններ՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է: Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. ի տարբերություն գեղանկարի և քանդակի, փորագրանկարները կատարվում են թղթի վրա, սովորաբար ունենում են որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք և շատ հարմար են փոստով ուղարկելու համար: Սակայն, ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության արժեքը և առավել լայն է ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով ավելի ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում ընդհանրապես: Պարբերաբար կազմակերպվող ցուցադրություններն այդ տեղեկատվությունը թարմացնելու առաքելությունն ունեն: Այսպիսով, այս ցուցադրություն-մրցույթները, ճանաչողական խնդիրներից զատ, ունեն մշակութային ինտեգրացիոն նշանակություն: Հայաստանում բացառապես գեղարվեստական տպագրությանը նվիրված միջազգային պարբերական փառատոն նախաձեռնելու գաղափարը հասունանում էր շուրջ տաս տարի՝ սկսած 2007թ.-ից, երբ դաշտում գործող երիտասարդ համախոհ արվեստագետների «Արթ Գրուպ» ստեղծագործական խմբի կողմից կազմակերպվեց «Էստամպ 2007» միջազգային ցուցահանդեսը: Այս ցուցադրությունը նշանակալի իրադարձություն դարձավ մայրաքաղաքի մշակութային կյանքում: 2013թ.-ից հայ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանը նպաստող հետևողական քայլեր ձեռնարկեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը: 2012թ.-ին արվեստաբան Սոնա Հարությունյանի կողմից հիմնադրված կազմակերպությունը՝ նպատակ ունենալով հայ արդի արվեստի տարածումն ու հանրահռչակումը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, գործունեության հինգ տարիների ընթացքում արվեստի և մշակույթի տարբեր բնագավառներում (կերպարվեստ, լուսանկարչություն, երաժշտություն, կինո և այլն) իրականացրած շուրջ հիսուն միջազգային նախագծերի գրեթե մեկ երրորդը նվիրեց կերպարվեստի այս ուրույն ճյուղին, դարձնելով այն սեփական ծրագրային առաջնահերթություններից մեկը: Եվրոպական մի շարք քաղաքների՝ Բոննի, Հալլեի, Ֆրայբուրգի /Գերմանիա/, Տալլինի /Էստոնիա/, Արլեսհայմի, Բազելի /Շվեյցարիա/ պետական և մասնավոր կառույցների, ցուցասրահների, մասնագիտական արվեստանոցների հետ հաստատված երկխոսության և փոխգործակցության արդյունքում, գեղարվեստական տպագրությամբ զբաղվող հայ արվեստագետների համար ստեղծվեցին ներկայանալու նոր, միջազգային հարթակներ: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով մեկնարկեցին բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք հնարավորություն են ընձեռում հայ նկարիչներին աշխատել տեխնիկապես հագեցած տպագրական արվեստանոցներում, էստամպի թե՛ ավանդական, և թե՛ ժամանակակից տեխնիկաներով (“Burggiebichenstein” Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստանոցներ /Հալլե, Գերմանիա/, “Kunsthaus L6”-ի տպագրական արվեստանոց /Ֆրայբուրգ, Գերմանիա/, Էստոնիայի Նկարիչների միության փորագրանկարչական արվեստանոց, “Albatross Editions” օֆսեթ վիմատպության արվեստանոց /Տալլին, Էստոնիա/, “Druckwerk” տպագրատուն /Բազել, Շվեյցարիա/): Մի շարք թանգարաններում, ցուցասրահներում կազմակերպվեցին անհատական և խմբակային ցուցահանդեսներ, որտեղ հայ գրաֆիկները հանդես եկան նաև տեղացի գործընկերների հետ համատեղ: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը գեղարվեստական տպագրությանը վերաբերվող նախագծեր իրականացրեց նաև Երևանում, ներկայացնելով հայ արվեստասերին քիչ ծանոթ ու անսովոր կերպարվեստի այս ճյուղը: Ուշագրավ էր 2015թ.-ին Հայաստանի Նկարիչների միությունում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում կայացած էստոնական ժամանակակից փորագրանկարչության «Գոյության զարմանքը» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում «Էստոնական գեղարվեստական տպագրությունը երեկ, այսօր և վաղը» ընդգրկուն զեկույցով հանդես եկավ Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ տիկին Ինգա Հեամեգին, կազմակերպվեց էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամանի փայտափորագրության տեխնիկային նվիրված վարպետության դասը:

Նմանատիպ նյութեր