Վայոց Ձորի մարզի Զորաց եկեղեցու տարածքում եվրոպացի կամավորների ճամբար կհիմնվի. Հայաստան կժամանեն ճարտարապետներ, հուշարձանագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Սեպտեմբերի 1-14-ը  Վայոց Ձորի մարզի Եղեգիս  համայնքում գտնվող  Զորաց եկեղեցու տարածքում կամավորական ճամբար կհիմնվի: 
Եվրոպական տարբեր երկրներից Հայաստան կժամանեն երիտասարդ ճարտարապետներ, հուշարձանագետներ, վերականգնողներ:
 Թվով 14 կամավորները երկու շաբաթվա ընթացքում կծանոնթանան հայկական մշակութային ժառանգությանը, կլինեն հուշարձանների տարածքներում: 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ուղեկցությամբ, եղել են հուշարձանի տարածքում՝ ծանոթացել պայմաններին, որտեղ  նախատեսվում է կազմակերպել ճամբարը: 
Միջազգային կամավորական ճամբար հիմնելու  պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  2018 թ. նոյեմբերին՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ Գերմանիա այցի ընթացքում: Հայկական պատվիրակությունը Լայպցիգում Դենկմալ Էքսպոյին ներկայացել էր «Զորաց Եկեղեցի  արգելավայրը և շրջակա հուշարձանները»  թեմայով զեկուցումով: 
Մասնակիցները հետաքրքրություն էին ցուցաբերել առաջարկի նկատմամբ: Պայմանավորվել էին՝ կամավորները  կմասնակցեն Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման և այլ աշխատանքներին:  Կամավորական ճամբարի մասնակիցները 14 օրերի ընթացքում ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը:Նրանք կլինեն նաև՝ Նորավանքում, Արատեսում: 
Սեպտեմբերի 4-6-ը Վայոց ձորի մարզում միջազգային գիտաժողովու Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված միջոցառումներ են նախատեսվում: Եվրոպացի կամավորները կմասնակցեն նաև այդ միջոցառումներին՝ զեկուցումներ կլսեն միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ուսումնական կենտրոնի մասին, կլինեն Թանահատի վանական համալիրի տարածքում, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում:  
[b]
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

