211652_close_icon

Փաշինյանը հրապարակեց տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշները

views-count1577 դիտում article-date 12:29 27-06-2019
«Մենք շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում. մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց այստեղ ամենակարևորը բովանդակությունն է»:- Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին՝ 0,1 տոկոսանոց աճ: Սա նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտներում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են: Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում կունենանք արտահանման բավական շոշափելի աճ»,-ընդգծեց վարչապետը: Նա կարևորեց փաստը, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել. «Եթե նախորդ տարի մշակող արդյունաբերության կշիռը արտահանման մեջ կազմել է 62,8 տոկոս, այս տարի կազմում է 64,6 տոկոս, աճը 1,8 տոկոս է: Իսկ հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը նվազել է 27,6 տոկոսից հասնելով 25 տոկոսի: Շատ կարևոր է արձանագրել, որ թեև արտահանման մեջ դեռ մեծ կշիռ չունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս: Միջին տեխնոլոգիատար ապրանքների խումբը ևս աճ է արձանագրել՝ 19,4 տոկոս: Այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական համակարգը ընկալել ու մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները: Մենք դեռ աշնանը նշում էինք, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը»,- հայտարարեց Փաշինյանը: «Իհարկե, սրանք ընդամենը նախանշաններ են, բայց կարևոր նախանշաններ են, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջներն ընկալել են: Պետականկառավարման համակարգում նույնպես պետք է ընկալեն այս մեսիջները: Կան ազդանշաններ, որ պետական կառավարման համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալված ու մարսված»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր