211652_close_icon
views-count1945 դիտում article-date 09:13 22-06-2019

Կառավարությունը ձախողել է բյուջեի կատարումը. Նիկոլ Փաշինյանը չի խոսում թերացումների մասին․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- ելույթ ու­նենալով Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատար­ման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով, այս տարվա արդյունքնե­րով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսա­կան աճ այն դեպքում, երբ կառավա­րությունը՝ ընդունելով բյուջեի նա­խագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ: Ի՞նչ խնդիր կա բյուջեի առումով, պետական բյուջեն չունի չկատար­ված որևէ պարտավորություն: Մակ­րոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշ­խատանքը կատարել է փայլուն, քա­նի որ այս ողջ քաղաքական ցնցում­ների համատեքստում լիարժեք ապահովվել է բնականոն կյանքը երկրում»,- ասում է վարչապետը: Թե որն է եղել կառավարության աշխատանքը փայլուն գնահատելու Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան, հավանաբար գիտի միայն ինքը: Բայց այն, ինչ տեղի է ունեցել անցած տարի ինչպես պետական բյուջեի կատարման, այնպես էլ տնտեսության զարգացումների առումով, որևէ հիմք չեն տալիս այդպիսի գնահատական հնչեցնել կառավարության գործունեության վերաբերյալ: «Փայլուն» աշխատած կառավա­րությունը պարզապես ձախողել է անցած տարվա պետական բյուջեի կատարումը: Եվ այն, որ բյուջեն չու­նի չկատարված պարտավորություններ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է: Թերակատարվել են բյուջեի ինչ­պես եկամուտները, այնպես էլ՝ ծախ­սերը: Եթե եկամուտների թերակա­տարումն ինչ-որ իմաստով գուցե կա­րելի է հասկանալ, չհաշված, որ կա­ռավարությունը հայտարարել էր մուտքերն էապես գերակատարելու մասին, ապա դժվար է արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել ծախսերի դեպքում: Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս: Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի: Այսինքն՝ այդքան գումար պիտի մտներ տնտեսություն, բայց չի մտել: Պատճառը կառավարությունն է, որ չի կարողացել ժամանակին իրակա­նացնել նախատեսված ծրագրերը: Եթե դա ֆինանսական միջոցներ չլինելու հետ կապված լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ: Բայց կառավարությունը նման խնդիր չի ունեցել ու այդ պայմաննե­րում թերացել է կատարել բազմաթիվ ծախսեր, որոնք կարող էին նպաստել տնտեսական գործընթացների խթանմանը, հասարակության եկա­մուտների ավելացմանը, սոցիալա­կան խնդիրների լուծմանը: 165 մլն դոլարը փոքր գումար չէր Հայաստանի տնտեսության համար: Հատկապես որ, իշխանանափոխությունից հետո, «փայլուն» աշխատած կառավարության չպատճառաբան­ված գործողությունների հետևանքով ներդրումային կապիտալը հետ քաշ­վեց՝ տնտեսությանը թողնելով առանց ֆինանսական միջոցների: Սառեցվեցին նույնիսկ գոյություն ու­նեցող ծրագրերը: Եթե սա կարելի է «փայլուն» աշ­խատանք համարել, ապա թող հա­մարեն: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Փաստն այն է, որ անցած տարի պետական բյուջեի ծախսերի մի մեծ հատված չի կատարվել: Ու ինչքան էլ տարօրինակ լինի, նույնը կատարվում է նաև այս տարի: 2019 թ. բյուջեի ծախսերը ևս էապես հետ են մնացել նախատեսված ժամանակա­ցույցից, և դա կառավարության ոչ թե լավ, այլ չկանոնակարգված աշխատանքի հետևանք է, ինչից տուժում է տնտեսությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր