211652_close_icon
views-count1706 դիտում article-date 21:30 18-06-2019

Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն ապահովելու է ՊԵԿ-ի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Նա հավելել է, որ նախագիծը մշակվել է կոնկրետ ֆինանսական հաշվարկներով` հաշվի առնելով նաև նոր հնարավորություններն ու իրողությունները: Նշվել է, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ՊԵԿ համակարգի ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական վերազինում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում, տնտեսվարողների հետ ուղիղ շփումների էական կրճատում, հարկային և մաքսային վարչարարության զարգացում, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում. խրախուսական միջոցներ են նախատեսվելու օրինապահ հարկ վճարողների համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ, շարունակել քննարկումները, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, այն կենթարկվի լրամշակման ու կներկայացվի կառավարության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր